«Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացրած Ցեղասպանությունն առաջին հերթին հիշողություն է այն մարդկանց մասին, որոնք ենթարկվեցին դաժանությունների, ողբերգությունների, զանգվածային սպանությունների ու բռնագաղթի»,-Ծիծեռնակաբերդի հուշահամլիրում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի նախկին ՄԻՊ, «Միասնություն թևեր» կուսակցության ղեկավար Արման Թաթոյանը։
Նա շեշտեց այն հետևանքները, որոնք առաջացան Ցեղասպանությունից հետո։
«Ցեղասպանությունը մեզ ավելի խոցելի դարձրեց, կոտրեց մեր դիմադրողականությունը, մեծ վնասներ կրեցինք բոլոր առումներով, դարձանք աշխարհասփյուռ ազգ՝ միավորված նույն ճակատագրով ու պատմությամբ»,-ասաց նա։
Թաթոյանն ընդգծեց, չպետք է մոռանալ Ցեղասպանության մասին, միաժամանակ, այն չպետք է դիտարկել որպես ատելության հարց։
«Եթե մենք մոռանանք Ցեղասպանությունը, այդ ժամանակ մեր պատմությունը կգրեն ուրիշները, եթե ուրիշները վերաշարադրեն մեր պատմությունը, մենք կվերանանք որպես ազգ»,-ասաց նա։










