«Երբ որոշ մարդիկ որոշեցին՝ կարելի է նշաձողերն իջեցնել, դա բերեց մեր նկատմամբ նոր ցեղասպանության, հետևաբար սերունդները պետք է հիշեն, տեղյակ լինել ողջ ծավալով, թե ինչ է տեղի ունեցել»,-Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան, «Նժար» սահմանադրական շարժման հիմնադիրներից Նինա Կարապետյանցը։
Նա ընդգծեց, որ պատմությունը հնարավոր չէ վերաշարադրել, հնարավոր չէ փոխել։
«Այն պատկերը, որ մենք տեսնում էինք ու զարմանում, թե ինչպես են մի քանի ասկյար մի քանի հազար ժողովուրդ տանում ու զարմանում էինք՝ ինչպես կարող է այդքան ժողովուրդ գլուխը կախ գնա, ու հետո տեսանք Արցախի շարասյուները... խելագարվելու բան էր։
100 տարվա կտրվածքով 2 ցեղասպանություն, մի ժողովրդի համար, չափից դուրս շատ է»,- ասաց Կարապետյանցը։
Ըստ նրա, այսօրվա իշխանությունը միջազգային ատյաններում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը հնչեցնելու բոլոր հնարավորություններն ունի, սակայն կյանքը ցույց է տալիս, որ ծրագրավորված, հետևողական, նպատակային արվող գործողություններ են, իրավունքներից հրաժարվելու ճանապարհով գնալու գործողություններ են։
«Սա է, որ պետք է կասեցնել»,- ասաց Նինա Կարապետյանցը։










