ՀԱԿ վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց՝ երբեք կողմ չեն եղել, որ Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջը դրվի արտաքին քաղաքականության հիմքում։
«Համարել ենք, որ նման մոտեցումը Հայոց ցեղասպանության զոհերի հարգման հարցը դարձնում է քաղաքական մանրադրամ, և մենք տեսել ենք, թե ինչի է հանգեցրել այն հանգամանքը, որ մենք Ցեղասպանության ճանաչումը դրել ենք արտաքին քաղաքականության օրակարգում։
Հայոց ցեղասպանության հարցը Թուրքիայի պատասխանատվության հարցն է՝ ամբողջ մարդկության առաջ, դա միայն հայի ու Հայաստանի հարցը չէ, ամբողջ մարդկությունն է Թուրքիայից պատասխան և ճանաչում պահանջում»,-ասաց Զուրաբյանը։
Նա համոզմունք հայտնեց՝ սա չպետք է դարձնել հայ-թուրքական միջպետական բանակցությունների հարց։










