Հանրապետության հրապարակից շուտով կմեկնարկի ավանդական Ջահերով երթը՝ դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Այս տարի երթն անցկացվում է «Պայքարը շարունակվում է» կարգախոսի ներքո՝ խորհրդանշելով հայ ժողովրդի անկոտրում կամքն ու արդարության համար մղվող աննահանջ պայքարը։
Ջահերով երթին մասնակցելու են եկել բազմաթիվ քաղաքացիներ, քաղաքական, հանրային գործիչներ։ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ևս այստեղ է։ Լրագրողների հետ զրույցում նա շեշտեց՝ հայ ժողովուրդն ունի անօտարելի իրավունքներ։ Խաչատրյանը քննադատեց գործող իշխանությունների՝ Հայոց ցեղասպանության ուրացման քաղաքականությունը։
«Ցեղասպանության ընդունումը առաջնահերթություն չհամարող իշխանություն կողմից տարվում է ուրացման լպրծուն գոյատևման քաղաքականություն։ Իրենք շատ լավ հասկանում են, որ իրենց իշխանության մնալը մեծապես պայմանավորված է Ալիևի և Էրդողանի ցանկությամբ։ Չունենալով ներքին աջակցություն՝ իրենք ժողովրդին ինչո՞վ են սպառնում․ ասում են՝ եթե հանկարծ իշխանություն փոխվի, պատերազմ կսկսվի։ Այսինքն՝ մյուս կողմից էլ իրենք գալիս են հաստատելու, ասում են՝ իրենց նախընտրելի թեկնածուն, նախընտրելի ղեկավարը Նիկոլ Փաշինյանն է։ Այսինքն՝ ինքը, այստեղ ունենալով խնդիր, մեր վրա «տղա է բերում»։
Եվ որպեսզի իրենք օգնեն Ալիևին և Էրդողանին, ինքը պետք է կատարի նրանց բոլոր պահանջները։ Սա է թե՛ Արցախի ուրացումը, թե՛ Ցեղասպանության ուրացումը, թե՛ այս վերջին բարբարոսության վրա աչք փակելը․ սրանք ամբողջ մի քաղաքականության շղթայի տարբեր օղակներ են։ Ի՞նչ պետք է անի ժողովուրդը․ ժողովուրդը պետք է իր իրավունքներին տեր կանգնի, հայտարարի, որ մենք ունենք և անօտարելի իրավունքներ, և թույլ չտա Փաշինյանին՝ իր իշխանությունը պահելու համար մեզ տանել ու դարձնել Ադրբեջանի ստրուկ»,-ասաց Խաչատրյանը։
Հարցին՝ մտավախություն չկա՞, որ այս իշխանության վերընտրվելու պարագայում, օրինակ, հաջորդ տարի թույլ չեն տա անցկացնել այս միջոցառումը՝ հաշվի առնելով հայ-թուրքական հարաբերությունների՝ իրենց կողմից ընդունված մոդելը, ընդդիմադիր պատգամավորը պատասխանել է.
«Ոչ թե մտավախություն կա, այլ խոր համոզմունք։ Եթե այս իշխանությունները վերարտադրվեն, ինչպես հիմա չեն թողնում արտասանել «Արցախ» բառը և փորձում են այն ջնջել, վաղը չեն թողնի, որ խոսք գնա Արևմտյան Հայաստանի մասին, թույլ չեն տա խոսել ինքնապաշտպանության, Զեյթունի մասին։ Սա է իրականությունը։ Դրա համար էլ ասում եմ՝ որպեսզի մենք մնանք որպես ազգ, հավատարիմ լինենք մեր էությանը և հնարավորություն ունենանք վերականգնելու երկիրը, Նիկոլ Փաշինյանը պետք է գնա տուն՝ առաջին մաս կամ՝ Բաքու»։










