«Փաստ» օրաթերթը գրում է.
Վերջին օրերին պարբերաբար խիստ մտահոգիչ տեղեկություններ ենք ստանում այն մասին, որ մարզային որոշ բնակավայրերում քպական, այսպես կոչված, «գյուղապետերը» կամ նրանց «լիազոր ներկայացուցիչները» այցելում են մարդկանց տներ և սկսում հարցաքննության նմանվող խոսակցություններ՝ պարզելու, թե ում են պատրաստվում ընտրել հունիսի 7-ին։
Մեզ ահազանգած քաղաքացիներից մի քանիսը նշում էին, որ նկատել են, թե ինչպես են այդ զրույցները գաղտնի ձայնագրում՝ առանց մարդկանց համաձայնության կամ նույնիսկ իրազեկման։ Ավելին, մեր ունեցած տեղեկություններով, եթե քաղաքացին արտահայտում է ՔՊին աջակցող դիրքորոշում, նա միանգամից «անցնում է ստուգումը»։ Իսկ եթե ոչ, ապա սկսվում է հաջորդ փուլը։ Ընթացքում «հյուրերն» ակնարկում են, որ իրենք անձնական ոչինչ չունեն, բայց «ստիպված են լինելու» զրույցի մանրամասները հայտնել իրավապահ մարմիններին: Նպատակը մարդկանց «աչքը վախեցնելն է»։
Մեզ ահազանգած քաղաքացիներից մեկը նշում էր, որ սա այլևս չի կարելի անվանել պարզապես ընտրական գործընթաց, սա վերահսկման և վախի համակարգ է, որ կիրառում են իշխանությունները ընտրողների նկատմամբ։ Առավել ևս, որ հենց իրավապահ համակարգը ոչ թե պաշտպանում է օրենքը, այլ ծառայեցվում է իշխանությունների քաղաքական նպատակներին։
Միևնույն ժամանակ, մեր ունեցած տեղեկություններով, նույնիսկ նման մեթոդները լավատեսական հույսեր չեն ներշնչում, որովհետև մեծամասնությանը վախեցնել չի հաջողվում, և նրանք կա՛մ հստակ պատասխանում են, որ այս ամենը հանդուրժել չեն ցանկանում, կա՛մ «դիվանագիտորեն» խուսափում են ուղիղ պատասխան տալ:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում










