Փաշինյանը Հայաստանը մտցնում է շատ վտանգավոր «խաղի» մեջ. «Փաստ»


Փաշինյանը Հայաստանը մտցնում է շատ վտանգավոր «խաղի» մեջ. «Փաստ»
Ապրիլ 9 08:56 2026

«Փաստ» օրաթերթը գրում է.

 

Տարբեր առիթներով ոչ մեկ անգամ Ռուսաստանից ակնարկել են, թե Հայաստանի համար ինչ հետևանքներ կարող է ունենալ ԵԱՏՄ-ից դուրս գալը կամ Ռուսաստանի հետ առևտրատնտեսական ու քաղաքական հարաբերությունների խզումը: Ու դա սպառնալիք չէ, ինչպես սիրում են մեկնաբանել կամ փորձում են ներկայացնել քպական կամ մերձիշխանական քարոզիչները: Դա առավելագույնը զգուշացում է, փաստերի պարզ շարադրանք, ըստ էության՝ ձևավորված առևտրատնտեսական, առևտրաքաղաքական, աշխարհաքաղաքական իրողությունների հստակ արձանագրում:

 

Փաշինյանի այս վերջին մոսկով յան հանդիպումից հետո Ռուսաստանից արդեն շատ ավելի հստակ ու բացորոշ, առանց դիվանագիտական բազմապաճույճ ձևակերպումների նշեցին, թե ինչ կոնկրետ հետևանքներ կլինեն: Ընդ որում, հետևանքներ, որոնք շոշափելիորեն իրենց վրա կզգա Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի:

 

Խնդրեմ. բնական գազի գինը կարող է 2-4 անգամ թանկանալ (ԵՄ եք ուզո՞ւմ, վճարեք ԵՄ սակագներով), օդային հաղորդակցությունը կարող է դադարեցվել կամ էապես սահմանափակվել (դա արդեն կլինի ԵՄ պահանջը), կծագեն ռուսական շուկայում հայկական ապրանքների իրացման խնդիրներ (արդեն սկսվել են), հատկապես՝ գյուղմթերքի, գյուղատնտեսական արտադրանքի համար: Դեռ չենք խոսում Ռուսաստանում արտագնա աշխատանքին վերաբերող խնդիրների մասին:

Նշված ու նաև բազմաթիվ չնշված առանձին թեմաներին, դրանց հետևանքներին դեռ մանրամասն անդրադառնալու առիթներ կլինեն առաջիկայում:

Տվյալ պարագայում ավելի առաջնային է թվում հարցը, թե ի՞նչ է անում Փաշինյանը:

Կոնկրետ հայ-ռուսական հարաբերությունների տիրույթում Նիկոլ Փաշինյանը մտել է շատ վտանգավոր մի «խաղի» մեջ, որը երկիրն անխուսափելիորեն տանում է դեպի տնտեսական ու նաև սոցիալական կոլապսի:

Սարսափելի է միայն պատկերացնել, թե կոնկրետ գազի գնի թանկացումն ինչի կհանգեցնի: Շղթայական կապով կթանկանա ամեն ինչ՝ սկսած էլեկտրաէներգիայից, վերջացրած բոլոր տեսակի ապրանքների գներով: Դրա հետևանքներն անմիջականորեն կզգան բոլոր տնտեսվարողները, բոլոր քաղաքացիները, բոլորն՝ անխտիր, ընդհանրապես՝ ամբողջ պետությունը: Ոչ պակաս դաժան է պատկերացնել, թե ինչ վիճակում կհայտնվեն դեպի ռուսական շուկա կողմնորոշված գյուղմթերք, նաև ծաղիկներ արտադրողներն ու արտահանողները, այդ ոլորտներում զբաղված հազարավոր մեր հայրենակիցներ:

Ու այդ ամենը... հանուն ինչի՞: Հանուն այն բանի, որ Նիկոլ Փաշինյանը լուռումունջ կատարի արտաքին որոշ դերակատարների պատվերն ու շարունակի իշխե՞լ: Մի քիչ շատ թանկ չեն արժենո՞ւմ Փաշինյանն ու նրա քմահաճույքները մեր բոլորիս կյանքի վրա: Չնայած, վաղուց արդեն շատ թանկ են արժեցել, ուղղակի այդ «թանկաբազարությունը» նորանոր վտանգավոր, կործանարար հեռանկարներ է ուրվագծում, որից խուսափել ոչ մեկին չի հաջողվելու, եթե այս իշխանությունը մնաց...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում