1 մլն 105 հազար դրամի ավիատոմսեր՝ համայնքի բյուջեից․ Արգիշտի Մեխակյանը չի հրապարակել մանրամասներ. «Ժողովուրդ»


1 մլն 105 հազար դրամի ավիատոմսեր՝ համայնքի բյուջեից․ Արգիշտի Մեխակյանը չի հրապարակել մանրամասներ. «Ժողովուրդ»
Մարտ 31 10:01 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վաղարշապատ խոշորացված համայնքի ղեկավար, ՔՊ ներկայացուցիչ Արգիշտի Մեխակյանի գլխավորած պատվիրակության համար համայնքային բյուջեից ձեռք են բերվել 1 մլն 105 հազար դրամի ավիատոմսեր՝ դեպի Սանկտ Պետերբուրգ։ Տոմսերի գնման վերաբերյալ տվյալները հրապարակվել են պետական գնումների հարթակում, ըստ որի՝ գնումը կատարվել է փետրվարի 2-ին։

 

Համաձայն առկա տեղեկությունների՝ գործուղմանը մասնակցել է 5 հոգուց բաղկացած պատվիրակություն։ Սակայն Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայքում և տեղեկատվական հարթակներում այցի նպատակի, արդյունքների կամ ծրագրի վերաբերյալ տեղեկատվություն չի հրապարակվել։

 
 

 

 

Համայնքային բյուջեի միջոցներով իրականացվող գործուղումների դեպքում ընդունված պրակտիկա է՝ հանրությանը ներկայացնել այցի հիմնավորումը, հանդիպումների շրջանակը և ակնկալվող արդյունքները՝ ապահովելով հաշվետվողականություն և թափանցիկություն։

 

Տվյալ դեպքում, չնայած զգալի ծախսին, հանրությանը հասանելի տեղեկատվություն չկա, թե ինչ նպատակով է իրականացվել Սանկտ Պետերբուրգ այցը, ինչ հանդիպումներ են տեղի ունեցել և ինչ արդյունքներ են արձանագրվել համայնքի համար։

 

Հատկանշական է, որ հանրային միջոցների օգտագործման թափանցիկությունը հանդիսանում է տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության կարևոր բաղադրիչ, հատկապես այն դեպքերում, երբ խոսքը վերաբերում է արտասահմանյան գործուղումներին։

 

Այս փուլում բաց է մնում հարցը՝ ինչ արդյունք է ակնկալվել 1 մլն դրամից ավելի արժեք ունեցող այցից, և ինչ օգուտ է այն բերել Վաղարշապատ համայնքին»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: