«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Տաշիր կապիտալը», ինչպես հայտնի է, վարչական դատարան էր դիմել եւ վիճարկում էր ընկերությանը լիցենզիայից զրկելու որոշումը։ Անցած շաբաթ սկսված եւ շուրջ 30 ժամ տեւած դատաքննությունից հետո դատարանը մարտի 26-ին պետք է հրապարակեր որոշումը, սակայն հրապարակվեց երեկ երեկոյան: Ըստ ամենայնի, ծանրութեթեւ են անում՝ ինչպես ներկայացնել ու հիմնավորել քաղաքական որոշումը, քանի որ դատարանում որեւէ հստակ հիմնավորում չի հնչել։
Ավելին՝ դատական նիստի ընթացքում, որպես ապացույց, փորձում էին ներկայացնել դեպքեր, որոնք կատարվել են ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի ժամանակ: Հիմնավորումների թվում 700 հազար սպառողի տվյալների ոչ ամբողջական հաշվառումն էր, էլեկտրաէներգիայի թերգրանցումները եւ հավելագրումներն էին, միացումների ժամկետների խախտումները, ընդհատումների մասին ոչ հավաստի տեղեկությունը, որոնց համար փաստական հիմքեր չեն նշվել։ Այդուհանդերձ, դատարանն անվավեր չճանաչեց ՀԾԿՀ-ի՝ ՀԷՑ-ի լիցենզիան դադարեցնելու որոշումը, հակառակ դեպքում ավտոմատ դադարելու էին նաեւ ժամանակավոր կառավարչի լիազորությունները, քանի որ նրա պաշտոնավարումը պայմանավորված էր հենց այդ որոշմամբ: Դատարանից այլ որոշում թերեւս չէր էլ ակնկալվում,կատարել են Փաշինյանի հրահանգը, որը Ռոմանոս Պետրոսյանին հատուկ է ընտրություններից առաջ գործուղել ՀԷՑ, որ այն ՔՊ-ականացնի եւ դարձնի իշխանության էլեկտորատը։










