«Հրապարակ»․ թերթը գրում է ․ Չնայած ՔՊ-ականները վերջին օրերին դիվոտած արձագանքում են ընդդիմության քննադատություններին, եւ երեկ էլ Արարատ Միրզոյանը հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, որ ընդդիմությունը խաղաղության պայմանագրի մասով «երաշխավորացավ է կպել», սակայն ընդամենը 3 տարի առաջ, դեռեւս մորուքով Փաշինյանը Հ1-ում բառացի ասել էր․ «Եթե երաշխավոր չլինի, խաղաղության պայմանագիր կնքելուց 12 ժամ անց կարող է պատերազմ սկսվել»։ Միրզոյանը նախօրեին մուննաթ էր գալիս․
«Հիմա էլ ընդդիմադիրներն ունեն նարատիվներ, այդ թվում՝ Ղարաբաղ հետ բերելու․․․ որոնք ուղղակի հակասում են խաղաղությանը: Նոր նրբերանգ է մտել վերջին օրերին` խաղաղություն, բայց երաշխավորով, երաշխավորված: Երաշխավորներն առհասարակ հետապնդում են իրենց շահը: Սառը հաշվարկների աշխարհում, միջազգային հարաբերություններում ոչ մեկը ոչ մեկի սիրուն աչքերի համար չի գնում, երաշխավորություն չի անում, նաեւ իր զինվորների արյունը չի թափում եւ այլն: 2-րդը․ մենք գիտենք տասնյակներով երաշխավորված, ստորագրված, երաշխավորների խմբի կողմից երաշխավորված եւ կնքված խաղաղություններ, որոնք հետո խախտվել են շատ հեշտությամբ, ընդ որում, հետաքրքրաբար, խախտվել են երաշխավորների կողմից»։ Սլաքներն ուղղում էին ՌԴ-ի կողմը, թեեւ անունը չեն տալիս։ Մեր տեղեկություններով, խաղաղության պայմանագրի նախնական փաստաթղթում եղել է երաշխավորի մասին կետ, սակայն հանվել է Ալիեւի պահանջով, ինչից հետո ՔՊ-ականները հերթական «նշաձողն» են իջեցրել։










