Այսօր՝ փետրվարի 25-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00:25-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 96 կմ հատվածում՝ Հրազդանի վարչական տարածքում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին, մի քանի ծառ արմատախիլ արել և կողաշրջված հայտնվել ծառերի մեջ։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվողներ՝ Կոտայքի մարզում հաշվառված 19-ամյա Անդրանիկ Գ.-ն տեղում մահացել է, իսկ Տավուշի մարզի բնակիչներ 19-ամյա Սևակ Ա.-ն և 20-ամյա Սամվել Խ.-ն, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Սևան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը ծառայում էր ՀՀ ՊՆ զորամասում, «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասնակիցներից էր։










