Արձանագրությունը կա. դատախազը պետք է մեղադրանք առաջադրի Արթուր Հովհաննիսյանին. «Ժողովուրդ»


Արձանագրությունը կա. դատախազը պետք է մեղադրանք առաջադրի Արթուր Հովհաննիսյանին. «Ժողովուրդ»
Փետրվար 20 08:45 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը տեղեկացրել է, որ իր ներկայացրած հանցագործության մասին հաղորդումը՝ ուղղված ՀՀ գլխավոր դատախազին, դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը չկատարելու հիմքով, դրական զարգացում է ստացել։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը պետք է հայտնվի մեղադրյալի աթոռին։

Էդգար Ղազարյանի տեղեկացմամբ՝ ՀՀ Քննչական կոմիտեի Շենգավիթի բաժնի քննիչներից մեկը կազմել է արձանագրություն՝ դատավճիռը չկատարելու առիթով քրեական վարույթ նախաձեռնելու վերաբերյալ, ինչը նշանակում է, որ գործում միակ դերակատար Արթուր Հովհաննիսյանի նկատմամբ անխուսափելիորեն պետք է մեղադրանք առաջադրվի։ Էդգար Ղազարյանը նաև երեք միջնորդություն է ներկայացրել քննիչին, քանի որ Արթուր Հովհաննիսյանը, լինելով պաշտոնատար անձ, այդ դիրքն օգտագործելով է հրաժարվել կատարել վճիռը, ինչը ծանրացնում է պատիժը։

Ի՞նչ է տեղի ունեցել

Հիշեցնենք, որ 2023 թվականի ապրիլի 4-ին Ազգային ժողովի Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նիստում Արթուր Հովհաննիսյանը հրապարակային հայտարարությամբ սպառնացել էր կտրել ընդդիմադիր թեկնածու Էդգար Ղազարյանի լեզուն և ականջները։ Դեպքը լայն արձագանք էր ստացել թե՛ քաղաքական, թե՛ իրավապաշտպան շրջանակներում։

Դատարանը հետագայում այդ հայտարարությունների համար Հովհաննիսյանին պարտավորեցրել է վճարել 1 մլն 250 հազար դրամ փոխհատուցում՝ հօգուտ Ղազարյանի։ Գումարը վճարվել է, սակայն, ինչպես «Ժողովուրդ»-ին հայտնել է Ղազարյանը, Հովհաննիսյանը հրաժարվում է հրապարակային ներողություն խնդրել՝ չկատարելով վճռի ոչ նյութական մասը։

Նոր զարգացում․ քննիչը արձանագրություն է կազմել

Ղազարյանի հաղորդման հիման վրա դատախազությունը նյութերն ուղարկել է ՀՀ քննչական կոմիտե։ Նրա փոխանցմամբ՝ Շենգավիթի քննչական բաժնում քննիչը կազմել է արձանագրություն՝ դատարանի վճիռը չկատարելու առիթով քրեական վարույթ նախաձեռնելու մասին։

Սա գործընթացի էական փուլ է․ արձանագրության կազմումը նշանակում է, որ իրավապահ մարմինները տեսնում են քրեական գնահատականի հիմք և անցնում իրավական ընթացակարգի հաջորդ փուլին։

Ի՞նչ ընթացակարգ է սպասվում

Քանի որ գործով միակ դերակատարը գործող պատգամավոր է, քրեական հետապնդում սկսելու համար անհրաժեշտ է Ազգային ժողովի համաձայնությունը։ Այսինքն՝ քննչական մարմինը պետք է դիմի դատախազին, որպեսզի նա միջնորդություն ներկայացնի ԱԺ-ին՝ պատգամավորի նկատմամբ մեղադրանք առաջադրելու թույլտվություն ստանալու համար։

Հենց այս փուլում է հարցը ստանում նաև քաղաքական հնչեղություն․ արդյոք խորհրդարանական մեծամասնությունը կտա՞ համաձայնություն սեփական խմբակցության քարտուղարի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու համար։

Ընտրովի մոտեցում

Էդգար Ղազարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հիշեցրել է, որ դատարանի վճռի կատարմանը խոչընդոտելու հիմքով քրեական հետապնդումներ են իրականացվել նաև հոգևորականների նկատմամբ, ընդհուպ՝ Գարեգին Բ-ի գործով նախաձեռնված գործընթացների շրջանակում։ Նրա գնահատմամբ՝ օրենքի առաջ բոլորը պետք է հավասար լինեն, և նույն մոտեցումը պետք է կիրառվի նաև պատգամավորի դեպքում։

Նախկին միջադեպ

Հիշեցնենք նաև, որ Արթուր Հովհաննիսյանի անունը նախկինում ևս հայտնվել էր հանրային քննարկումների կենտրոնում․ 2017 թվականին նա ոստիկանություն էր տարվել, և նրա ավտոմեքենայից հայտնաբերվել էր 0.24 մգ թմրանյութ։ Այդ պատմությունը ևս ժամանակին լայնորեն քննարկվել էր մամուլում»։