Վատ ժամանակները ծնում են ուժեղ առաջնորդներ, ուժեղ առաջնորդները ստեղծում են լավ ժամանակներ. «Ուժեղ Հայաստան» կուսակցության համագումարին հայտարարեց Նարեկ Կարապետյանը։
«Այսօր մեր երկրում կա ընտրություն՝ ենթարկվե՞լ, թե՞ գործել, ընտրություն՝ մնա՞լ, թե՞ գնալ ավելի ապահով տեղ։ Կա ընտրություն գյուղացու համար՝ մշակե՞լ հայրենի հողը, թե՞ թողնել ու գնալ օտար երկիր աշխատելու։ Հայաստանն այսօր ջրբաժանի առաջ է կանգնած՝ շարունակե՞լ այսպես, թե՞ զարթնել սեփական վերածնունդով»,-հայտարարեց Կարապետյանը։
Նրա խոսքով՝ արդեն ութ տարի երկիրը ղեկավարած վարչապետը ցանկանում է երրորդ ժամկետը՝ կրկին «շանս» խնդրելով ժողովրդից։
«8 տարի կառավարած վարչապետի սիրտը երրորդ ժամկետն է ուզում։ Ասում է՝ տվեք ինձ երրորդ շանս։ Երբ նրան տվեցինք առաջին շանսը, հիշո՞ւմ եք՝ ինչ եղավ․ կորցրինք Արցախի 70 տոկոսը, կազմաքանդվեց ու թուլացավ բանակը, զավթվեցին դատարանները։ Երբ տվեցինք երկրորդ շանսը՝ Արցախը վերջնականապես կործանվեց, իշխանությունը սկսեց հարստանալ, իրականացվեցին բռնաճնշումներ, դպրոցներ կառուցելը դարձավ ինքնագովազդի գործիք, ընտանիքների վրա դրվեցին հազարավոր դոլարների վարկեր, գյուղատնտեսությունը հայտնվեց անկման մեջ, մարդու իրավունքները դարձան կուսակցական մենաշնորհ, բացվեցին Սյունիքի դարպասները, պառակտվեց եկեղեցին և հասարակությունը»,- ասաց Կարապետյանը։
Նա ընդգծեց, որ իշխանությունները խոսում են նոր ներդրումների մասին, սակայն ութ տարիների ընթացքում դրանք չեն ապահովել․ «Եթե բերելու էիր ներդրումներ՝ բերեիր։ Ութ տարի միայն հույս է տվել։ Երբ գործ անել չես կարողանում, ասում ես՝ հարևաններն են ուժեղ։ Հարևանները նույնն են, դու ես թույլ»։
Կարապետյանի խոսքով՝ ժողովուրդը գերի չէ իշխանությանը, և յուրաքանչյուր իշխանություն, երկրորդ ժամկետից հետո, չպետք է կառչի աթոռից․ «Մեր ժողովուրդը հո ձեր գերի՞ն չի։ Խնդիրը սովն է․ այս մարդիկ սոված են, դրա համար չեն հագենում իշխանությունից։ Ժամանակն է, որ մեր երկիրը ունենա ուժեղ, կուշտ և լուրջ առաջնորդ։ Իշխանությունն ինքնանպատակ չէ, գործ կա անելու»։
Նա նշեց, որ աղքատությունը խեղդում է երկիրը, իսկ գյուղացու բերքն ու բարիքը պետք է վերջապես շահավետ վաճառվի․ «Պետք է քաղաքներում մարդիկ զարթնեն ու իմանան՝ գործ կա, կյանք կա։ Մայրաքաղաքը պետք է դառնա տարածաշրջանային կենտրոն՝ ժամանակակից, հարուստ և հայերին վայել»։
Նարեկ Կարապետյանը հայտարարեց․ «Ո՞վ է կազմակերպելու և անելու՝ Սամվել Կարապետյանը։ Ո՞վ է մասնակցելու՝ բոլորս»։










