ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի գրասենյակը հայտարարել է, որ X-ում հրապարակված և հետագայում ջնջված գրառումը, որտեղ 1915 թվականի հայերի զանգվածային սպանությունները բնութագրվում էին որպես ցեղասպանություն, «սխալմամբ է արվել» աշխատակազմի անդամի կողմից։ Գրառմանը կցված էր Վենսի և նրա տիկնոջ լուսանկարը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում։ Այս մասին գրում է Bloomberg-ը։
Ըստ պարզաբանման՝ գրառումը սխալմամբ է արվել աշխատակազմի անդամի կողմից, որը ԱՄՆ պատվիրակության մաս չի կազմում:
Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը նշել է, որ ԱՄՆ քաղաքականության մեջ որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։
Bloomberg-ը հիշեցնում է, որ 2021-ին Ջո Բայդենը դարձավ ԱՄՆ առաջին նախագահը, որը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, ինչն առաջացրեց Թուրքիայի դժգոհությունը։
Երևանում լրագրողների հարցերին պատասխանելով՝ Վենսը չի հստակեցրել՝ արդյոք ճանաչո՞ւմ է ցեղասպանությունը՝ նշելով, որ այցելությունն իրականացրել է հայերի խնդրանքով և որպես հարգանքի նշան զոհերի ու Հայաստանի կառավարության նկատմամբ։










