ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Հայաստանի վարչապետ նիկոլ Փաշինյանի հետ ասուլիսի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ անունից ողջույններ փոխանցեց հայ ժողովրդին, նաև անձամբ Նիկոլ Փաշինյանին։
«Մենք ոչ միայն Հայաստանի համար խաղաղություն ենք կերտում, այլև բարգավաճում՝ ԱՄՆ-ի հետ համատեղ»,- ասաց Վենսը։
«Ես հավատացած եմ, որ այսօր մի նոր սկիզբ է Հայաստանի և Միացյալ Նահանգների գործընկերության համար։ ԱՄՆ-ն հպարտորեն մի շարք արտոնագրեր հաստատեց, ինչը նշանակում է նոր շուկաներ, նոր աշխատանք՝ ինչպես ամերիկյան աշխատուժի և ընկերությունների համար, այլ նաև Հայաստանի։ Հպարտ ենք հայտարարել, որ մեր պետությունները ավարտել են միջուկային էներգիայի ոլորտում քննարկումները։ Երբ այն արդեն ուժի մեջ մտնի, ճանապարհ կբացի ամերիկյան և հայկական ընկերությունների համար։ Էներգետիկ կայունության, անվտանգության համար փոխշահավետ իրավիճակ է ինչպես Հայաստանի, այնպես էլ իմ երկրի համար, և ստեղծվելու են շատ աշխատատեղեր։ Սա նշանակում է փոքր մոդուլյար ռեակտորներ, այսինքն՝ ամերիկյան տեխնոլոգիաները գալու են Հայաստան»,-հավելեց ԱՄՆ փոխնախագահը։
Նա նաև նշեց՝ ԱՄՆ-ն ուզում է ոչ միայն խաղաղություն կերտել, այլև ուզում է, որ այդ խաղաղությունը գոյատևի։
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը նաև տեղեկացրեց, որ 11 միլիոն դոլարի հետախուզական դրոնային տեխնոլոգիաների վաճառք են հաստատել Հայաստանի համար․
«Նախագահ Թրամփը շատ լավ գիտի, որ խաղաղություն ապահովելու լավագույն ձևը ռազմական աշխարհի լավագույն տեխնոլոգիաներն ունենալն է։ ԱՄՆ-ն ունի դրանք, և հիմա մենք 11 միլիոն դոլարի հետախուզական անօդաչու տեխնոլոգիաների վաճառք ենք հաստատում Հայաստանի համար»։










