Չեմ կարծում, որ դա իրենց կյանքում ինչ-որ բան փոխում է. ինչո՞ւ Թորոսյանն արցախցիներին չի անվանում բռնի տեղահանվածներ


Չեմ կարծում, որ դա իրենց կյանքում ինչ-որ բան փոխում է. ինչո՞ւ Թորոսյանն արցախցիներին չի անվանում բռնի տեղահանվածներ
Փետրվար 9 14:03 2026

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանից լրագրողներն այսօր հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ չի ասում «Արցախից բռնի տեղահանվածներ», այլ շեշտում է՝ «տեղափոխվածներ»։

 «Ես չեմ կարծում, որ դա իրենց կյանքում ինչ-որ բան փոխում է։ Ցանկացած ոք կարող է  իր իրավունքների համար քայլեր ձեռնարկել, մենք որևէ մեկի իրավունքները չենք սահմանափակում։ Բայց մենք  կենտրոնացած ենք մեր հայրենակիցներին ՀՀ-ում ինտեգրելու, իրենց մշտական հայրենիքը դարձնելու ուղղության վրա, ինչը հաջողությամբ անում ենք»,-ասաց Թորոսյանը։

Թորոսյանը նաև անդրադարձավ գերիների ազատ արձակմանը և նշեց, որ դա միշտ եղել է ՀՀ իշխանությունների առաջնային օրակարգում և միշտ բարձրաձայնվել է բոլոր մակարդակներում. «Այնպես չէ, որ այդ բարձրաձայնումները պետք է  տեղի ունենան տեսախցիկների առաջ։ Այդ քաղաքականության շնորհիվ վերջին շրջանում հնարավորություն է եղել  գերիների վերադարձ»։

Խոսելով ԱՄՆ փոխնախագահի ՀՀ այցից՝ Թորոսյանը շեշտեց, որ ՀՀ-ն խորացնում է իր հարաբերությունները ԱՄՆ-ի հետ. «Մենք ունենք նաև ռազմավարական մակարդակի հարաբերություններ և ոլորտային հարաբերություններ։ Ըստ էության, խաղաղության հռչակագրի ստորագրումից հետո արդեն իսկ տեղի են ունեցել դրական զարգացումներ։ Չեմ սիրում պաթետիկ բառեր օգտագործել, բայց ԱՄՆ փոխնախագահի այցը պատմական է»։