Օտար բջիջները կլանում են հայկականը․ հայտարարվեց Համահայկական հասարակական դաշինքի մեկնարկը


Օտար բջիջները կլանում են հայկականը․ հայտարարվեց Համահայկական հասարակական դաշինքի մեկնարկը
Փետրվար 9 13:06 2026

Այսօր պաշտոնապես մեկնարկել են Համահայկական հասարակական դաշինքի աշխատանքները։

«Միասնաբար պետք է ելքեր փնտրենք ստեղծված այս գոյաբանական ճգնաժամից։ Ակնհայտ է, որ որևէ քաղաքական ուժ կամ հասարակական միավոր առանձին վերցրած ի վիճակի չէ հաղթահարելու այս խորքային ճգնաժամը։ Մեր առջև կանգնած են բազմաշերտ սպառնալիքներ և մարտահրավերներ»,-միջոցառման մեկնարկին հայտարարեց ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, պրոֆեսոր Ռուբեն Կարապետյանը։

Նրա խոսքով՝ միասնականությունը ոչ միայն հնարավոր է, այլև փրկության և վերածննդի միակ ճանապարհն է։

«Մեզ անհրաժեշտ են արագ, խորքային և համակարգային լուծումներ ու փոփոխություններ, որոնք կունենան հենքային և երկարաժամկետ ազդեցություն մեր պետության և ողջ հայության համար։ Մենք պարտավոր ենք սկսել մտածել և գործել որպես մեկ միասնական մարմին»,- ընդգծեց նա։

Դեսպանը կարևորեց հասարակության հետ նպատակային աշխատանքի մեկնարկը՝ նշելով, որ վերջին տարիներին «օտար, ապազգային, երբեմն հակապետական բջիջներ են ներարկվել մեր հասարակական մարմնի մեջ»։ Նրա ձևակերպմամբ՝ առաջնային խնդիր է դառնում հասարակական «իմունային համակարգի» վերականգնումը։

Ռուբեն Կարապետյանի համոզմամբ՝ պետականակենտրոն, հայակերտ և հայամետ հասարակության ձևավորման միջոցով հնարավոր կլինի կառուցել իսկապես ազգային պետություն՝ ընդգծելով, որ դա դաշինքի առաջնային առաքելություններից մեկն է։