Եկեղեցու «բարենորոգման» մեկնարկն ուրվագծվեց և նշանավորվեց նոր կոպտագույն խախտումների համալրմամբ, այս մասին հայտարարել է Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը։
«Մասնավորապես՝ զինված ուժերում հոգևոր ծառայությունը, ըստ էության, լուծարելու (արդեն խոսվում է նաև բուժհաստատություններում նույն կերպ վարվելու մտադրության մասին), բացահայտ հակաեկեղեցական մի շարք հապճեպ մշակված օրինագծեր շրջանառության մեջ դնելու, Հայ Եկեղեցու ինքնավարությունը՝ իշխանական լծակների գործադրմամբ ազգային և միջազգային չափանիշներին բացահայտ խորթ հնարքներով խաթարելու և նմանաբնույթ այլ քայլերով»,- նշել է նա։
Իբրև հետգրություն՝ Դանիելյանը մեջբերել է ադրբեջանական մամուլում տարածված «խիստ բնութագրիչ թեզը»։
«Երկիրը իսկական ազգային պետության վերածելու համար, որը կդառնա համաշխարհային հայության կենտրոն, պետք է վերացնել Էջմիածնի ամենակարողությունը։ Իհարկե, չարքին ամբողջությամբ հաղթելու համար անհարժեշտ կլիներ մաքրել առասպելացված պատմության մի հսկայական շերտ և թափ տալ այսօրվա հայկական պետականության գաղափարախոսական բարձիկը...»,- մեջբերել է պրոֆեսոր Դանիելյանը։










