Հայ գերիների ազատ արձակման վերաբերյալ Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևը պետք է դիտարկվի որպես խաղաքարտ․ Սիրանուշ Սահակյան


Հայ գերիների ազատ արձակման վերաբերյալ Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևը պետք է դիտարկվի որպես խաղաքարտ․ Սիրանուշ Սահակյան
Փետրվար 4 21:44 2026

Երեկ Ֆրանսիայի Սենատը միաձայն կողմ է քվեարկել Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման բանաձևին։

 

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում  հայ ռազմագերիների ներկայացուցիչ և փաստաբան Սիրանուշ Սահակյանը Aysor.am-ի հետ զրույցում նշել է՝ Ստորին պալատի կողմից ընդունված որոշումը կարևոր քաղաքական դիրքորոշում է և արտահայտում է Ֆրանսիայի օրենսդիր մարմնի մոտեցումը հայ գերիների խնդրի վերաբերյալ։

 

«Հաշվի առնելով, որ Ֆրանսիան միջազգային մեծ ազդեցություն ունեցող պետություն է թե՛ քաղաքական, թե՛ աշխարհագրական իմաստով, այսպիսի քայլերը կարող են դառնալ քաղաքական ճնշումը մեծացնելու էական գործոն։ Դրական է, որ Ֆրանսիան և մի շարք այլ երկրներ հրապարակայնորեն արտահայտում են իրենց դիրքորոշումը։ Միևնույն ժամանակ պետք է գիտակցել, որ Ադրբեջանը ինքնին կաշկանդված չէ նման հայտարարություններով և անմիջականորեն չի կատարի այդ կոչերը, եթե դրանք չհամակցվեն այնպիսի գործիքների հետ, որոնք կարող են սպառնալիք հանդիսանալ ադրբեջանական կենսական շահերի համար։ Միայն քաղաքական դիրքորոշումները էական փոփոխություններ չեն մտցնում Ադրբեջանի իշխանությունների գործելակերպում»։

 

Սիրանուշ Սահակյանի դիտարկմամբ՝ կարևոր է նաև, որ քաղաքական հայտարարություններից զատ, Ֆրանսիան արտաքին հարաբերություններում վարի այնպիսի քաղաքականություն, որը կունենա հստակ հակաադրբեջանական բաղադրիչ, մինչև Ադրբեջանը չկատարի իր մարդասիրական պարտավորությունները և ազատ չարձակի հայ գերիներին։

 

«Ընդհանուր առմամբ, գերիների ազատ արձակման հարցի տեսանկյունից սա կարելի է համարել կարևոր ներդրում։ Բացի այդ, թե՛ իրավապաշտպանները և թե՛ դիվանագետները կարող են արդյունավետ օգտագործել նման քաղաքական դիրքորոշումները։ Մարդու իրավունքների կառույցներում և օտարերկրյա գործընկերների հետ շփումներում մշտապես կարևոր է հենվել պաշտոնական քաղաքական կամ իրավական փաստաթղթերի վրա, որոնք գնահատական են տալիս խնդրին։ Այս որոշումը ևս պետք է դիտարկվի որպես խաղաքարտ՝ ինչպես արտաքին, այնպես էլ հանրային դիվանագիտությամբ զբաղվողների ձեռքում»,-ասել է Սահակյանը։