Միքայել Սրբազանը նվիրյալ հոգևորական է, նա չի դավաճանել ճշմարտությանը․ Շիրակի թեմի շնորհավորանքը


Միքայել Սրբազանը նվիրյալ հոգևորական է, նա չի դավաճանել ճշմարտությանը․ Շիրակի թեմի շնորհավորանքը
Դեկտեմբեր 27 11:20 2025

Միքայել Սրբազանը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նվիրյալ հոգևորականներից է, ում ամբողջ կյանքն ու գործունեությունը խարսխված են եղել ճշմարտության, արդարության և անկեղծ ծառայության վրա։ Նա հոգևոր հայր է, ով իր անձնական օրինակով և բարոյական վեհությամբ առաջնորդել է հազարավոր հավատավոր զավակների՝ դաստիարակելով նրանց քրիստոնեական արժեհամակարգով և ազգային ոգով։

 

Սրբազան Հայրը տարիներ շարունակ մշտապես հավատարիմ է եղել իր հոգևոր ուխտին։ Նրա քարոզները հնչել են ամենուր․ նա միշտ գտնվել է ժողովրդի մեջ՝ մասնակից լինելով նրանց առօրյային, լսելով նրանց հոգսերը և ամրացնելով հավատքը։

 

Միքայել Սրբազանի հոգևոր ուղին առանձնանում է անսասան հաստատակամությամբ․ նա երբեք չի դավաճանել ճշմարտությանը, անգամ այն ժամանակ, երբ դրա համար անհրաժեշտ է եղել խիզախություն և անձնազոհություն։ Նրա հոգևոր առաջնորդությունը համատեղում է և՛ բարի հոր մեղմությունը, և՛ արդար դատավորի խստությունը։

 

Սրբազան Հոր սիրելի հոտը իրեն ընկալում է ոչ միայն որպես հոգևոր առաջնորդի, այլ որպես հոգատար Հոր ու վստահելի ուսուցչի։ Նրա անմիջականությունը, մարդկանց հոգսը կիսելու կարողությունը և անձնական նվիրվածությունը նրան դարձրել են ժողովրդի սիրելի առաջնորդ։

 

Գերաշնորհ Սրբազան Հայր,

 

Շիրակի Թեմի քահանայից դասը, աշխատակազմը, հավատավոր ողջ ժողովուրդը շնորհավորում են Ձեզ:

 

Առ Բարեգութ Հայր հանապազ աղոթքով հայցում ենք, որ Ձեզ քաջառողջ պահի, անսասան Ձեր ընթացքի մեջ, հատկապես այս ապօրինի դատապարտության օրերին, որ Դուք կրում եք մնալով հանուն ճշմարտության և առ հայրենիք սիրո: Թող շուտափույթ արդարություն հաստատվի և Ձեզ տեսնենք մեր բոլորիս սիրելի Շիրակի թեմում:

 

Որդիական խոնարհությամբ մատչիմք ի համբոյր Ձերդ Սրբազնութեան Սուրբ և Օծեալ Աջոյն։