Վերացվելու է այբբենարաններում կիրառվող QR կոդը և վերականգնվելու է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի պատկերը. Մեսրոպ Հովհաննիսյան


Վերացվելու է այբբենարաններում կիրառվող QR կոդը և վերականգնվելու է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի պատկերը. Մեսրոպ Հովհաննիսյան
Դեկտեմբեր 26 21:29 2025

«Հանուն պետականաշինության» կրթադաստիարակչական ՀԿ-ի նախագահ Մեսրոպ Հովհաննիսյանը ներկայացրել է Այբ-Արարատ մշակութային նախաձեռնության պաշտոնական հայտարարությունը.

«Սրտանց շնորհավորում եմ «Այբ Արարատ» մշակութային նախաձեռնության բոլոր մասնակիցներին՝ հայրենիքին ու հայի ինքնությանը նվիրված իրենց ազնիվ, համարձակ և պատասխանատու քայլի համար։

Մենք ապացուցեցինք, որ հայրենիքը սիրում են ոչ միայն խոսքով, այլև՝ գործով, կամքով ու նվիրումով։

Շնորհավորում եմ նաև հայոց մանկավարժներին և աշակերտներին, քանզի այս նախաձեռնությունը նախևառաջ նրանց արժեհամակարգի, ինքնության ու կրթական ակունքի պաշտպանության համար էր։

Խորին երախտագիտությունս եմ հայտնում «Հայրենիք» կուսակցության նախագահ պարոն Արթուր Վանեցյանին և կուսակցության գործադիր մարմնի անդամներին՝ երիտասարդության ձայնին վստահելու և նախաձեռնության իրականացման ճանապարհին բարոյական աջակցություն ցուցաբերելու համար։

«Այբ Արարատ» նախաձեռնությունը կարևոր, նշանակություն ուներ հայ ազգի համար որովհետև այն ուղղված էր հայի ինքնության հիմնասյունը՝ Հայոց ԱՅԲ-ը պաշտպանելուն։

Մեր նպատակն ու պահանջը մեկն էր և հստակ՝

վերացնել այբբենարաններում կիրառվող QR կոդը

և վերականգնել Սուրբ Մեսրոպ Մաշտոցի պատկերը՝ իր իսկ կրծքին դրված ձեռքի խորհրդանշական կերպարանքով ու ստեղծած Այբով, հենց այբբենարանի առաջին էջում՝ այնտեղ, որտեղ սկիզբ է առնում հայոց գիրը, միտքը և ինքնությունը։

Ուրախությամբ արձանագրում եմ, որ նախաձեռնությունը հաջողությամբ պսակվեց՝

ի նպաստ հայ դպրության, ի պաշտպանություն Սուրբ Մեսրոպ Մաշտոցի պատկերի վերականգնման, և ամենակարևորը՝ հանուն այն գալիք սերնդի, որը պետք է բացի իր առաջին գիրքը և այնտեղ տեսնի հայոց գրերի ստեղծողին՝ Մեսրոպ Մաշտոցին։

Մենք վստահ ենք, որ վաղվա Հայաստանը կկերտվի գիտակից, արմատներով ամուր և կամքով ուժեղ երիտասարդների ձեռքով։

Թող այս նախաձեռնությունը դառնա հենց այդ սերնդի ուղենիշը, օրինակը և շարունակական պայքարի մեկնարկը։

Հիշեցնում եմ, որ 2025 թվականի հոկտեմբերի 23-ին «Հայրենիք» կուսակցության երիտասարդ անդամները ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց իրականացրեցին «Այբ Արարատ» խորագրով մշակութային բողոքի ակցիա, որը ուներ հստակ պահանջ՝ վերացնել QR կոդը այբենարաններից

և վերադարձնել Մեսրոպ Մաշտոցի պատկերը՝ իր ԱՅԲ-ով հանդերձ, որպես հայ դպրության, մշակույթի և ինքնության անփոխարինելի խորհրդանիշ։

Մենք շարունակելու ենք գործել նույն հաստատակամությամբ և բացարձակ հավատքով՝

հանուն վաղվա Հայաստանի լուսավոր օրվա, հայոց դպրոցների արժանապատիվ ապագայի և մեր նոր սերնդի ինքնության պահպանման»։