Ում գդալը մեծ է, նա էլ ընդհանուր բյուջեից մեծ է քաշում. սա՞ է պատգամավորներին 3մլն-ի պարգևավճար տալու անբարո որոշման ողջ ուղերձը. Սաքունց


Ում գդալը մեծ է, նա էլ ընդհանուր բյուջեից մեծ է քաշում. սա՞ է պատգամավորներին 3մլն-ի պարգևավճար տալու անբարո որոշման ողջ ուղերձը. Սաքունց
Դեկտեմբեր 25 11:20 2025

«Խրախճանք ժանտախտի ժամանակ»,-գրել է ՀՔԱՎ նախագահ Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով պատգամավորների 3 մլն դրամ պարգևավճարին։

 

Նա մասնավորպես գրել է. «Այլ կերպ, քան խորն անբարո ու անպատասխանատու վերաբերմունք ՀՀ քաղաքացիների հանդեպ Ազգային Ժողովի պատգամավորներին ընդհանուր 3/երեք/ միլիոն դրամի չափով պարգևավճարի մասին կայացրած որոշումը, չի կարելի բնորոշել։

 

Քաղաքական հարթության վրա «Թքած ունենալու արվեստի» ցայտուն օրինակ։

 

Հատուկ ուշադրություն դարձնեմ։

 

Խոսքը ոչ թե ինչ-որ բիզնես կառույցին է վերաբերում, որտեղ շահույթ են ապահովում, ու կարող են իրենց նման բան թույլ տալ․ իրենք՝ իրենց շահույթը։

 

Խոսքը ոչ թե արվեստի որևէ բնագավառին է վերաբերում, մարդն իր ստեղծած նկարի, երաժշտության, գրքի, քանդակի դիմաց է հոնորար ստացել։

 

Խոսքը պետական բյուջեի, մեր՝ հարկատուների վճարած գումարներից տրամադրված պարգևավճարների մասին է։ Պետական բյուջեի, որից վճարվում են ուսուցիչների, պետական և հանրային ծառահողների աշխատավարձերը, որոնք անհամեմատ, շատ ավելի քիչ են, և միջին հաշվով այդ հանրային ծառայողների առնվազն մեկ տարվա աշխատավարձի չափով է կազմում այդ երեք միլիոն դրամը։

 

Խոսքը վերաբերում է, մի պետության, որտեղ պաշտոնական տվյալներով 21,7 տոսկոս է կազմում աղքատության մակարդակը, բնակչության 21,7 տոկոսն աղքատ է։

 

Այսինքն՝ ում գդալը մեծ է, նա էլ այդ ընդհանուր բյուջեից մեծ է քաշում՝ սա է ողջ ուղերձը նման անբարո որոշման։

 

Ու՞․․․

 

Նորից նշեմ, խոսքը ինքնին գումարի չափի մասին չէ սոսկ, այլ մարդկանց հանդեպ թքած ունենալու վերաբերմունքի դրսևորման մասին է։

 

Դե հիմա սկսեք մեկնաբանություններ հորինել ու հիմնավորումներ գտնել»։