«Հայաստանում, երբ մի քանի օրից 2026 թվականն է, լրահոսը և օբյեկտիվ իրականությունը կրկին վերաբերում է հարկադրանքի միջոցներին: Կես տարուց ավելի է՝ ապօրինի կալանավորված է Սամվել Կարապետյանը։ Չա գործ, կա նման տևական ինտենսիվ կալանք՝ տրամաբանությամբ», - գրել է փաստաբան Արամ Վարդևանյանը:
Փաստաբանը շարունակել է․«Այնուհետև վերհիշում ենք, որ չորս Սրբազան հայրեր ապօրինի կալանավորված են և ունենք բազմաթիվ քաղբանտարկյալներ: Հրամանատար Աշոտ Մինասյանը (65 տարին լրացած, առողջական խնդիրներով) դատախազության բողոքի հիման վրա Վերաքննիչ դատարանի որոշմամբ այլևս ազատազրկված է: Այսինքն՝ իրավական և մարդասիրական նվազագույն արժեքներն անտեսվել են: Այնուհետև ձերբակալվել են, վստահաբար կալանքի ներկայացման նպատակով, նախկին պաշտոնյաներ: Այնուհետև հիշում ենք, որ Հայաստանում բազմաթիվ այլընտրանքային խափանման միջոցներ կան (տնային կալանք, վարչական հսկողություն), որոնք պարզապես չեն գործում հանրային հնչեղություն ունեցող գործերով:
Այս ամենի մեջ հստակ է իրավունքի և մարդասիրության նսեմացումը: Տեղին է հիշատակել դեռևս 18-րդ դարում կազմված Շահամիրյանների «Որոգայթ փառաց» իրավական ֆունդամենտալ փաստաթղթի ներածության մի հատված. «...որքան ավելի բարություն է մեզ հարկավոր, որ մեր կյանքը զսպենք օրենքով ու ազատությամբ, որպեսզի արժանի դառնանք Տիրոջ պաշտամունքին»,- գրել է նա:










