Դատարանն արձանագրել է իրավունքների խախտումը, բայց 53 քննիչներից բաղկացած խումբը վճռական անգործության մեջ է. Սամվել Կարապետյանի գործով իրավական կամայականությունները շարունակվում են. փաստաբան


Դատարանն արձանագրել է իրավունքների խախտումը, բայց 53 քննիչներից բաղկացած խումբը վճռական անգործության մեջ է. Սամվել Կարապետյանի գործով իրավական կամայականությունները շարունակվում են. փաստաբան
Դեկտեմբեր 16 15:16 2025

Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Վարդևանյանը գրել է. «Հարգելի՛ գործընկերներ, 2025 թվականի հոկտեմբերի 16-ին Հակակոռուպցիոն դատարանը Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքը երկարաձգել էր մեկ ամսով: Դատարանը փաստացի արձանագրել էր, որ քրեական հետապնդման ժամկետների խնդիր է առաջ գալիս: Քննչական մարմինը և դատախազությունը ուղիղ անտեսեցին դատարանի որոշումը: Ի դեպ՝ այդ որոշմանը նախորդող և հաջորդող ժամանակահատվածում գրավոր միջնորդություններով հստակ արձանագրել էինք այդ խնդիրը, հստակ պահանջել ենք դադարեցնել գործի ձգձգումը, դադարեցնել առնվազն նախաքննական գաղտնիքով պաշտպանվելը մեր դեմ: Նույնիսկ միջնորդել էինք վարույթից մաս անջատել և աբսուրդային կոչի դրվագը ուղարկել դատարան, կամ հարգել իրավունքը ու կարճել:

2025 թվականի դեկտեմբերի 11-ին Վերաքննիչ դատարանը հաշվի առնելով մեր բողոքում արձանագրված պահանջներից մեկը, հստակ նշել է, որ այլևս Սամվել Կարապետյանի քրեական վարույթի ձգձգումը (ժամկետները)՝ խնդրահարույց է և հանգեցնում է մարդու հիմնարար իրավունքների խախտման:

Նույն Վերաքննիչ դատարանը, որն այլևս անհերքելի քաղաքական հետապնդման պայմաններում մեր բողոքը չի բավարարել, բայց այսպիսի իրավական դիրքորոշում է արձանագրել: Ցանկանում եմ հայտնել նաև, որ քննչական մարմնին ներկայացվել են նախաքննության ձգձգումը կանխող, ակտիվ գործողություններ կատարելու պահանջով միջնորդություններ, որոնք մերժվել են: Հետևաբար, Քննչական մարմինն ակտիվ գործողություններ չի կատարում, հակառակը՝ 53 քննիչներից բաղկացած խումբը վճռական անգործության մեջ է, չնայած շուրջ վեց ամիս է կալանավորված Սամվել Կարապետյանը, իսկ միակ գործողությունը, որ կատարել են, հերթական «աննախադեպ» գործողությունն էր, ըստ որի, խուզարկել են լեզվաբան-փորձագետի տունը, ում դիրքորոշմամբ արձանագրվել էր, որ Սամվել Կարապետյանի՝ Մայր Աթոռը պաշտպանող խոսքում կոչ չկա:

Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին…»։