ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանն Aysor.am-ի հարցմանն ի պատասխան՝ անդրադարձել է ՀՀ-ԵՄ գործընկերության շրջանակներում Խաղաղության եվրոպական գործիքի ներքո աջակցության հաստատման հարցին։
-Վերջին օրերին ակտիվ էին շփումները ԵՄ հետ՝ տարբեր ձևաչափերով, կայացան նաև անդամ երկրների հետ երկկողմ հանդիպումներ, այդ թվում՝ Հունգարիայի ԱԳ նախարարի հետ։ ՀՀ-ԵՄ գործընկերության շրջանակներում կյանքի կոչվող ծրագրերից կարծես դանդաղել էր միայն Խաղաղության եվրոպական գործիքի ներքո աջակցության հաստատման հարցը, կա՞ այս հարցում որոշակի փոփոխություն։
-Այո՛, այդ ուղղությամբ քննարկումները, այդ թվում՝ Ձեր նշած ձևաչափերում, միտված էին կոնկրետ արդյունքների, և մենք գնահատում ենք ԵՄ 27 անդամներից յուրաքանչյուրի և ընդհանուր՝ ԵՄ մակարդակում ձևավորված կոնսենսուսը, ինչի մասին, ի դեպ, նախարար Միրզոյանն առանց փակագծեր բացելու նշեց ԵՄ ԱԳ նախարարների ձևաչափով երեկ կայացած հանդիպումից հետո։ ԵՄ ԱԳՆԽ շրջանակներում նախարար Միրզոյանի հետ կայացած հանդիպմանը ԵՄ բոլոր անդամ պետությունները վերահաստատել են այդ և այլ գործիքակազմի միջոցով տրամադրվող աջակցությունը, ուստի կարող ենք փաստել, որ կա արտահայտված քաղաքական համաձայնություն, և անհրաժեշտ ներքին ընթացակարգերի ապահովումից հետո ակնկալում ենք Խաղաղության եվրոպական գործիքի ներքո Հայաստանին երկրորդ աջակցության հաստատումը:










