«Նիկոլ Փաշինյանը, փորձելով փակել Արցախի հարցը, ինչ-որ ձև պետք է կարողանա հիմնավորել այն և հիմա էլ Արցախի հարցի բարձրացումը կապում է նոր պատերազմի սկսվելու հետ»,- այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության «Արդարություն» կուսակցության համահիմնադիր Հակոբ Հակոբյանը՝ անդրադառնալով օրերս Գերմանիա կատարած այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե «ովքեր ասում են, թե Ղարաբաղի հարցը լուծված չէ, նրանք ասում են, որ նոր պատերազմ է պետք»։
Հակոբյանի խոսքով՝ Արցախի բնիկ ժողովրդի հետ վերադարձը դեպի իր պատմական հայրենիք միջազգային իրավունք է։
«Արցախի ժողովրդի հետ վերադարձը դեպի իր հայրենյանց տուն, իր գերեզմաններին միջազգային իրավունք է և դա կարող պատերազմի հրահրման պատճառ դառնալ։ Ուստի , բոլոր պատճառաբանություններն ուղղակի փաթեթավորում են, որպեսզի Փաշինյանը կարողանա հիմնավորել, թե ինչու է ցանկանում փակել Արցախի հարցը։ Փաշինյանը ցանկանում է փակել Արցախի հարցը, որովհետև 2020 թվականի պատերազմից հետո, Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանությունների և Թուրքիայի համագործակցության արդյունքում, կա մեծ ճնշում և պարտադրանք, իսկ մենք գիտենք, որ Նիկոլ Փաշինյանը հլու-հնազանդ կատարում է այդ տանդեմի բոլոր պահանջները։ Դա չի վերաբերում միայն Արցախի հարցին, այլ և՛ Սահմանադրության փոփոխությանը, և՛ Արարատ լեռան մասին խոսույթին, Ցեղասպանության հետ կապված և այլն։ Այդպիսի բազմաթիվ մենք դրվագների ենք ականատես եղել, իսկ Արցախը , թերևս, այդ հարցերից ամենագլխավորն էր և առաջինը։Եվ այդ ճնշման ներքո արդեն երկար տարիներ Հայաստանի Հանրապետության իշխանությունները ոչ թե ի շահ Հայաստանի Հանրապետության որոշումներ են ընդունում և կատարում, այլ կատարում են ադրբեջանական կողմի պահանջները՝ ներկայացնելով, որ մենք կունենանք պատերազմ»,-նշեց քաղաքական գործիչը։
Հարցին, թե ինչպիսի՞ զարգացումների սպասել առաջիկայում, Հակոբ Հակոբյանն ասաց․ «Հույս ունեմ, որ Նիկոլ Փաշինյանն ավելի խորը չի գնա և այնպես չի անի, որ Հայաստանի Հանրապետությունում արգելված լինի Արցախի մասին խոսելը։ Այսօր ամեն ինչ կարելի է սպասել, եթե մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում եկեղեցու հետ, ինչ է կատարվում մնացած է պրոցեսներում՝ երկիրը լցված է քաղբանտարկյալներով, ևայս պարագայում ամեն ինչ կարելի է սպասել։ Հույս ունեմ, որ այս իշխանությունները, այնուամենայնիվ, ինչ-որ մի պահի կանգ կառնեն»։










