Փաշինյանը սկզբում Կաթողիկոսին մեղադրում էր կուսակրոնության ուխտը խախտելու մեջ, ապա նրան որակեց որպես լրտես, իսկ այժմ էլ մեղադրում է Եկեղեցում «ապականոնական վիճակ» ստեղծելու համար․ Սուրենյանց


Փաշինյանը սկզբում Կաթողիկոսին մեղադրում էր կուսակրոնության ուխտը խախտելու մեջ, ապա նրան որակեց որպես լրտես, իսկ այժմ էլ մեղադրում է Եկեղեցում «ապականոնական վիճակ» ստեղծելու համար․ Սուրենյանց
Դեկտեմբեր 15 08:43 2025

Երբ ձախողված վարչապետը որոշում է Եկեղեցու «կանոնները»։ Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:

 

 

Նիկոլ Փաշինյանի վերջին գրառումը, որը վերաբերում է Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին կյանքին, հնարավոր չէ պարզապես կարծիք համարել:

 

Այն ուղիղ միջամտություն է Եկեղեցու ինքնավարությանը և բացահայտորեն հակասում է ՀՀ Սահմանադրության 17-րդ հոդվածին, որի համաձայն՝ Եկեղեցին առանձնացված է պետությունից և ինքնուրույն է իր ներքին կառավարման հարցերում։

 

Իշխանության այս քաղաքականությունը համեմատելի է խորհրդային ժամանակների ռեպրեսիվ միջամտությունների հետ:

 

Վարչապետը սկզբում Կաթողիկոսին մեղադրում էր կուսակրոնության ուխտը խախտելու մեջ, ապա նրան որակեց որպես լրտես, իսկ այժմ էլ մեղադրում է Եկեղեցում «ապականոնական վիճակ» ստեղծելու համար։

 

Մեղադրանքների այս հերթափոխը չի խոսում սկզբունքայնության մասին, այլ վկայում է մեկ կանխորոշված նպատակին ծառայող քաղաքական վարքագծի մասին՝ Եկեղեցին իշխանության վերահսկողության տակ առնելու։

 

Առնվազն տարակուսելի է, երբ Սահմանադրությունը խախտող, 2021 թվականին ընդունված Կառավարության ծրագիրը փաստացի տապալած վարչապետը, հրաժարական տալու փոխարեն, փորձում է «օրինականություն» հաստատել պետությունից անկախ հոգևոր կառույցում։

 

Այս համատեքստում Կանոնագրքի թեման երկրորդական է․ իրական խնդիրը իշխանության ձգտումն է վերահսկողություն հաստատել այն ինստիտուտի նկատմամբ, որը մինչ այժմ չի ենթարկվել քաղաքական կամքին։

 

Այսօր հարցը Եկեղեցու Կանոնագիրքը չէ։

 

Հարցն այն է, թե արդյոք Հայաստանում դեռևս թույլատրվում է ինքնավար հանրային ինստիտուտների գոյությունը, որոնք չեն ղեկավարվում վարչապետի կաբինետից։

 

Ընդհանուր առմամբ, սա խորքային ճգնաժամ է Հայաստանի ներքին կյանքում, որը կարող է ազդել ազգային միասնության վրա:

 

Եկեղեցին դարեր շարունակ եղել է հայկական ինքնության կարևոր մաս, և նման հակամարտությունը խիստ վտանգավոր է, որը կարող է հարուցել իրավունքի և ինքնության ճգնաժամ:

 

Եկեղեցին կարող է և պարտավոր է լուծել իր ներքին խնդիրները իր իսկ կանոններով և ընթացակարգերով, ոչ թե Փաշինյանի կողմից թելադրվող «ճանապարհային քարտեզով»։