Իշխանությունն ու նրա քարոզիչները կորցրել են իրականության զգացումը. Լիլիթ Բլեյանը Ռուբեն Բաբայանի՝ Միքայել Սրբազանին ճիպոտահարելու առաջարկի մասին


Իշխանությունն ու նրա քարոզիչները կորցրել են իրականության զգացումը. Լիլիթ Բլեյանը Ռուբեն Բաբայանի՝ Միքայել Սրբազանին ճիպոտահարելու առաջարկի մասին
Դեկտեմբեր 13 22:39 2025

«Հանրային Խորհրդի անդամը Հանրային հեռուստատեսության եթերում առաջարկել է ճիպոտահարել ՀՀ այն քաղաքացիներին, որոնք իրենց քաղաքական հայացքներն են բարձրաձայն արտահայտում։ Մասնավորապես, խոսքը հայ ամենահարգված և արժանապատիվ արքեպիսկոպոսներից մեկին` Միքայել Սրբազանին «ճիպոտահարելու» մասին է (և նրա օրինակով` մյուսներին)»,- գրել է երգիչ, երահան Լիլիթ Բլեյանը։ 

Նա շարունակել է.

«Կես ժամ կլինի` գրում-ջնջում եմ էս տեքստը, նորից բացում լսում եմ էդ հարցազրույցը, մտածում եմ` ականջս է խաբում, հետո մտածում եմ` ի՞նչ հումոր կարելի է անել էս թեմայով։ Հետո հասկանում եմ` ի՞նչ հումոր, ախր, անդունդի եզրին ի՞նչ հումոր։

Իշխանություններն ու նրանց քարոզիչները վերջնականապես կորցրել են իրականության զգացումը. սա շատ վտանգավոր վիճակ է բոլորիս համար։ Էս պուճուր երկիրն ու հասարակությունը սպառել են ռացիոնալության վերջին պաշարները»։

Նշենք, որ խոսքը ռեժիսոր, Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի նախկին տնօրեն, Հանրային խորհրդի անդամ Ռուբեն Բաբայանի մասին է։ 

Օպերային երգիչ, բարիտոն Գուրգեն Բավեյանը գրել է. «Ու իր պես քանի-քանի՜ արվեստի ներկայացուցիչներ ունենք:

Երբ իրեն եմ տեսնում, միշտ աչքիս առաջ է գալիս տիկնիկայինի դիմացի արձանի բացման ժամանակ իր փառավորված ժպիտը, որ արջի ծառայություն մատուցելու համար իր արձանն էին կանգնեցրել վարպետ Մանարյանի կողքին»:

Ռեժիսոր, Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի նախկին տնօրեն, Հանրային խորհրդի անդամ Ռուբեն Բաբայանը Հանրային հեռուստաընկերությամբ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում ասել է. «Դատական որոշում կա միայն Միքայել Սրբազանի վերաբերյալ։ Կարծում եմ՝ խիստ է։ Ամբաղ-զամբաղ խոսելու համար 2 տարի տալը խիստ է։ Միգուցե կզարմանաք, բայց կառաջարկեի ներմուծել Իրանից պատժամիջոց․ իրենք ասում են փետուրով խփել՝ ճիպոտավորել։ Այդ հանցանքը ոչ այն է անպատիժ թողել, ոչ այն է բանտ նստացնել։ Մեր շատ անբախ-զամբախ խոսողները,  եթե իմանային նման պատիժ գոյություն ուներ, կխուսափեին դրանից»։