Երևանում վերջին օրերին շարունակվում են ասֆալտապատման աշխատանքները, որը կատարվում է ոչ միայն մայրաքաղաքի կենտրոնական հատվածներում, այլև ծայրամասերում։
«Ողջունելի է, որ ՀՀ Կառավարության ֆինանսավորմամբ այդ աշխատանքները իրականացվում են, սակայն որոշ դեպքերում, չգիտես ինչու, ասֆալտապատումը կատարվում է կիսատ-պռատ․ հին ու անորակ ասֆալտը քերում են, դրանից հետո փորված հատվածը պետք է շատ արագ լցվի, սակայն ցուցաբերում են անպատասխանատու մոտեցում, ինչի պատճառով էլ այդ փոսերը վարորդների համար դառնում են իսկական պատուհաս։
Այսօր՝ նոյեմբերի 21-ին, Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Թևոսյան փողոցում` դեպի Ջրվեժ տանող ճանապարհին, 15-ից ավելի ավտոմեքենաներ հայտնվել են Երևանի քաղաքապետարանի կողմից փորված փոսում, ինչի հետևանքով բոլոր ավտոմեքենաների անվահեծանները կոտրվել են, և վարորդները ավտոքարշակով են վնասված ավտոմեքենաները տեղափոխել ավտովերանորոգման կետեր։ Նույնիսկ փոսը շրջանցելու պատճառով 3 ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, բարեբախտաբար, առանց զոհերի և վիրավորների։
Մի քանի դեպքերում էլ վարորդները, չսպասելով ԱՊՊԱ-ին, ավտոմեքենաները հեռացրել են դեպքի վայրից։ Եթե ցերեկվա ժամերին վարորդների համար տեսանելի է այդ փոսը, ապա գիշերային ժամերին հնարավոր է՝ չտեսնեն, և հերթական վթարը տեղի ունենա։
Իսկ թե ով է փոխհատուցելու վարորդներին պատճառված վնասը, դեռևս անհայտ է։
Իրավիճակի մասին տեղեկանալով՝ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի հանձնարարականով պարեկներն ու քաղաքացիները հարցի ժամանակավոր լուծում գտան՝ անվադողի վրա փաթաթեցին ոստիկանության լուսանդրադարձող ժապավեն և տեղադրեցին փոսի վրա, իսկ պարեկներն էլ այդ հատվածում կիրականացնեն ծառայություն, մինչև Երևանի քաղաքապետարանը խնդիրը կվերացնի»,-հայտնում է shamshyan.com-ը։










