Դուբայի ավիաշոուի ժամանակ հնդկական ռազմական ինքնաթիռ է կործանվել


Դուբայի ավիաշոուի ժամանակ հնդկական ռազմական ինքնաթիռ է կործանվել
Նոյեմբեր 21 16:01 2025

Հնդկաստանի ռազմաօդային ուժերը հաստատել են Դուբայի ավիաշոուում Tejas կործանիչի վթարը։ Այդ մասին հաղորդում է ANI լրատվական գործակալությունը։

«Հնդկաստանի ռազմաօդային ուժերի Tejas ինքնաթիռը վթարի է ենթարկվել «Dubai Air Show-25»-ի ժամանակ։ Միջադեպի մանրամասները ուսումնասիրվում են և արդյունքները կհրապարակվեն ավելի ուշ»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, ասել է ռազմաօդային ուժերի խոսնակը։

Ավելի վաղ Հնդկաստանի կառավարությունը հերքել էր այն պնդումները, թե Դուբայի ավիաշոուին մասնակցող Tejas Mk1 կործանիչից բենզինի արտահոսք է եղել։ Նրանք նշել են, որ տարածված տեսանյութում երևում է կոնդենսատի պլանավորված, դիտավորյալ արտահոսք ինքնաթիռի օդորակման համակարգից և ինքնաթիռի թթվածնի արտադրության համակարգից, ինչը ստանդարտ ընթացակարգ է Դուբայի նման պայմաններում գործող ինքնաթիռների համար։

Tejas բազմաֆունկցիոնալ, միաշարժիչ գերձայնային կործանիչը 60%-ով տեղական մշակմամբ է իրականացվել Hindustan Aeronautics Limited-ի և Հնդկաստանի պաշտպանության նախարարության կողմից: Tejas կործանիչների մշակումը տևել է ավելի քան 30 տարի: Հնդկաստանի կառավարությունը հաստատել է թեթև մարտական ​​ինքնաթիռների մշակումը 1983 թվականին, և դրանք սկզբնապես նախատեսված էր ռազմաօդային ուժերին մատակարարել 1994 թվականին: Սակայն դրանք շահագործման են հանձնվել միայն 2015 թվականին: