Իմպիչմենտի գործընթացում խորհրդարանական ընդդիմության վարչապետի միասնական թեկնածու, Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի փաստաբան Գայանե Պապոյանը գրել է.
«Անդրադառնալով դատավոր Ժորա Չիչոյանի կողմից լրագրողներին տրված մեկնաբանությանն առ այն, որ Դավիթ Համբարձումյանի գործով ինքը ոչ մեկից հրահանգ չի ստացել և իբրև գործը քննել է օբյեկտիվության սահմաններում, ցանկանում եմ նշել հետևյալը.
Ժ. Չիչոյա՛ն, մի՛ փորձեք ստեղծել արդարադատություն իրականացնելու սին «պատրանք», լավ կլինի՝ առհասարակ չխոսեք այդ թեմայից։ Այդ դատական ակտն աղերս չունի օբյեկտիվ իրականության հետ, դուք դա շատ լավ գիտեք։
Գործում առկա տեսանյութը, որպես օբյեկտիվ ապացույց, բոլորն են տեսել, դրանում հստակ երևում է օբյեկտիվ իրավիճակը, և Դավիթ Համբարձումյանի դատավճռի ոչ օբյեկտիվ լինելը: Ավելին, գործում առկա էին նաև մի շարք վկաների արդարացնող ցուցմունքներ:
Դատական ակտում գեթ մեկ պատճառաբանություն և վերլուծություն առկա չէ ո՛չ տեսանյութի մասին, ո՛չ ՀՀ դատական պրակտիկայում այդ հոդվածով վերջին 15 տարվա ընթացքում ամենախիստ պատիժը նշանակելու վերաբերյալ, ո՛չ կալանք խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։
Ոչ թե տպավորություն է ստեղծվում, այլև հիմնավոր իրողություն է այն, որ Դավիթ Համբարձումյանին պարզապես ցանկացել են չեզոքացնել քաղաքական գործընթացներից: Դավիթը քաղբանտարկյալ է»։
Հիշեցնենք՝ Մասիս համայնքի ղեկավար, վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանին դատապարտել էին 6 տարի, 3 ամիս ժամկետով ազատազրկման՝ 7 տարի առաջվա գործով, որով դատարանում քննված ոչ մի վկա մեղադրական ցուցմունք չէր տվել նրա դեմ։
Համբարձումյանն այդ ժամանակ Հայաստանում չէր, բայց հայտարարությամբ տեղեկացրել էր․ «Նիկոլից ու նրա կամակատար դատաիրավական համակարգից փախչելու միտքն անգամ բացառում եմ։ Շուտով կլինեմ Հայաստանում»։
Ժամանել էր Հայաստան, և նրան կալանավորել էին։










