Արդարադատության համակարգը պետական ինստիտուտների մեջ, հատկապես, պետականության կայացման գործում, առանձնահատուկ դեր ունի», «Արդարադատության համակարգի բարեփոխումները» թեմայով քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։
Նրա խոսքով՝ առանձին դեպքեր հանրության մոտ առաջացրել են այս մոտեցումը, որ արդարադատության համակարգն անկախ չի գործում։
«Երբ արդարադատության համակարգի ամենատարբեր ինստիտուտների ղեկավարներ մեկ օրվա մեջ քաղաքական իշխանության ղեկավարի sms-ով կարող են ազատվել աշխատանքից, ըստ էության, հանրության համար որևէ հիմնավոր բացատրություն էլ չտրվի դրա համար, կարծում եմ, բավարար հիմք է, որպեսզի հանրության մոտ ձևավորվի համապատասխան ընկալումը։ Ավելին՝ նման ընկալում է ստեղծվում հենց նույն ինստիտուտների կրողների մոտ, կառույցների ներսում»,- նշեց Դավթյանը։
ՀՀ նախկին գլխավոր դատախազը մի քանի օրինակ ևս բերեց, մասնավորապես, Սամվել Կարապետյանի նկատմամբ քաղաքական-քրեական հետապնդումը, Հայ Առաքելական սուրբ եկեղեցու նկատմամբ քաղաքական թիրախավորումը, որին հաջորդեց հոգևորականների կալանավորումը։
Դավթյանը նշեց, որ քաղաքական իշխանության ղեկավարը հրապարակայնորեն արդարացնում է դատական համակարգի վրա իր ազդեցությունը պարզագույն բացատրությամբ, որ «քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ քաղաքացիները մեզանից են ակնկալում այս կամ այն դեպքով արդարադատություն»։
Նախկին գլխավոր դատախազն ընդգծեց՝ արդարադատության համակարգում կա խորը ինստիտուցիոնալ ճգնաժամ, որի հիմնական արմատների փնտրտուքը պետք է լինի առաջնային խնդիր։










