Ես ասել եմ՝ այդպիսի պաշտոնից հրաժարվողը, պաշտոնից ավելի թանկ բան պետք է ունենա, ես ունեի՝ Արցախը. Սերժ Սարգսյան


Ես ասել եմ՝ այդպիսի պաշտոնից հրաժարվողը, պաշտոնից ավելի թանկ բան պետք է ունենա, ես ունեի՝ Արցախը. Սերժ Սարգսյան
Նոյեմբեր 8 11:48 2025

«Իրենք հաջողության են հասել նաև այն պատճառով, որ առնվազն այնտեղ 4-5 հոգի մարդ էր, ում համար դա կյանքի ու մահվան կռիվ էր։ Սրանում ես չեմ կասկածում»,- «Իմնեմնիմի» փոդքասթի ուղիղ եթերում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ խոսելով 2018 թվականին Նիկոլ Փաշինյանի քայլերի մասին։   

 

Նա նշեց, որ ինքը պարտավոր էր հաշվի առնել, թե դրանից հետո ինչպես կշարունակվեր բանակցային պրոցեսը, երկրի ներսում ինչ խժդժություններ կլինեին, այդ պահին ադրբեջանական զորքն իրեն ինչպես կպահեր։

 

«Տարբեր մարդիկ կարող են ասել, չէ, այդպես չէր լինելու։ Այդպես կարող են ասել այն մարդիկ, ովքեր լինելիքի համար պատասխանտու չեն։

 

Իսկ ես ինձ ամբողջովին պատասխանտու էի համարում դրա համար։ Ընդ որում, դրանք այն մարդիկ են, ում համար ամենաթանկը պաշտոնն է։ Ինձ համար ամենաթանկը պաշտոնը չէր։ Ես ասել եմ՝ այդպիսի պաշտոնից հրաժարվողը, պաշտոնից ավելի թանկ բան պետք է ունենա։ Ես ունեի։

 

Նաև ուրիշ մտածելակերպ կար, չէ՞։ Լավ, եթե շատ մարդիկ ուզում էին, իսկ այդ ժամանակ մարդկանց թիվը բավականաչափ ավելացել էր, թող գային, իրենք կառավարեին։ Որևէ մեկը ենթադրո՞ւմ էր, որ կարող է այսօրվա վիճակն ունենայինք, որևէ մեկը մտքի ծայրով անգամ ենթադրո՞ւմ էր, որ մենք կարող էինք կապիտուլյացիայի ենթարկվել։ Որևէ մեկի մտքի ծայրին անգամ կա՞ր, որ սրանք ցեղասպանությունը կասկածի տակ կդնեն։ Կարո՞ղ էր որևէ մեկը մտածել, որ Սահմանադրությունը պետք է փոխենք, որպեսզի Արարատի մասին մոռանանք, որպեսզի Անկախության հռչակագիրը մոռանանք։ Եթե կա մեկը, թող ասի։

 

Այն, ինչ -որ տեղի ունեցավ, կատաստրոֆա է։ Դեռ չգիտենք՝ էլ ինչեր են լինելու։ Եթե ուղիղ հարց տաս՝ եթե իմանայիր նման բաներ են լինելու, ի՞նչ կանեիր։ Ես կասեմ՝ ամեն ինչ։ Բայց իմ նպատակն իշխանությունը պահելը չէր»։  

 

Հարցին՝ ասացիք, որ ավելի կարևոր բան ունեիք, ո՞րն էր, Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Արցախը։ Ոչ թե նրա համար, որ ես Արցախում էի ծնվել, այնտեղ պաշտպանության կոմիտեի նախագահ էի և այլն, այլ խորապես համոզված էի, որ առանց Արցախի Հայաստանի դերակատարությունն այս տարածաշրջանում մոտենալու է 0-ի։ Այսինքն մենք գոնե պրակտիկայում դրանում համոզվեցի՞նք, թե չէ՞»։