Փաստաբանը ներկայացրել է Միքայել Սրբազանի գործով դատավոր Արմինե Մելիքսեթյանի գլուխգործոցներից մեկը


Փաստաբանը ներկայացրել է Միքայել Սրբազանի գործով դատավոր Արմինե Մելիքսեթյանի գլուխգործոցներից մեկը
Նոյեմբեր 7 15:28 2025

Փաստաբան Երեմ Սարգսյանը ներկայացրել է «Միքայել Սրբազանի գործով (Չ)դատավոր Արմինե Մելիքսեթյանի գլուխգործոցներից մեկը»։

Նա նշել է՝ դատաքննության ընթացքում պնդում էին, որ, անկախ որևէ ապացույցից ու անկախ գործում առկա կոպտագույն խախտումներից, միևնույն է, այդ դատավորը մեղավոր է ճանաչելու Միքայել Սրբազանին այդ շինծու մեղադրանքով։

«(Չ)դատավորն ասում էր, որ այդպիսի բան չկա։

Նշեմ հերթական ակնհայտ ապացույցը․

1․ դատաքննության հենց սկզբում հիմնավորեցինք, որ քրեական վարույթի նախաձեռնումը ոչ իրավաչափ է եղել, ինչը քրեական հետապնդումը դադարեցնելու ողղակի հիմք էր և այդպիսի միջնորդութուն ներկայացրեցինք դատարանին։

2․ Միջնորդության լուծումը դատարանը հետաձգեց՝ պատճառաբանելով, որ դրա վերաբերյալ վերջնական որոշում կայացնելու համար էական հանգամանքներ պետք է պարզի՝ ապացույցների հետազոտման միջոցով։

3․ Սակայն, երբ ապացուցների հետազոտումն ավարտվեց, (Չ)դատավորն այդպես էլ այդ միջնորդության վերաբերյալ որոշում չկայացրեց և առանց այդ միջնորդությունը քննելու ու լուծելու, դրա փոխարեն մեղադրական վերդիկտ կայացրեց։

4․(Չ)դատավորն այդ միջնորդությանն անդրադարձել և այն մերժել է միայն մեղադրական վերդիկտ կայացնելուց հետո կայացրած դատավճռում։

Հիմա հարց՝ եթե (Չ)դատավորն արդեն մեղադրական վերդիկտ էր կայացրել Միքայել Սրբազանի նկատմամբ, դրանից հետո մի՞թե կարող էր հակասել ինքն իրեն՝ բավարարեր մեր միջնորդությունը և քրեական վարույթն ապօրինի լինելու հիմքով դադարեցներ քրեական հետապնդումը։

Մի՞թե հաստատելու էր, որ ապօրինի գործով է մեղավոր ճանաչել Միքայել Սրբազանին։

Այսինքն, (Չ)դատավորն ի սկզբանե գիտեր, որ մեղավոր է ճանաչելու Միքայել Սրբազանին և մերժելու է քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ պաշտպանների ցանկացած միջնորդություն։

Ակնհայտ անարդար դատական ակտի կայացումը հաստատող հերթական ակնհայտ ապացույցն է․․․»,- գրել է Սարգսյանը։