Դատարանը Սամվել Կարապետյանի պաշտպանական թիմի վճռաբեկ բողոքը վարույթ չի ընդունել


Դատարանը Սամվել Կարապետյանի պաշտպանական թիմի վճռաբեկ բողոքը վարույթ չի ընդունել
Հոկտեմբեր 30 14:37 2025

Սամվել Կարապետյանի փաստաբանական խումբը  հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է.

«2025 թ. հոկտեմբերի 16-ին Հակակոռուպցիոն դատարանը մասնակի բավարարեց քննչական խմբի միջնորդությունը՝ մեկ ամսով երկարաձգելով ազգային բարերար, գործարար Սամվել Կարապետյանի կալանքը: Դատարանը կրկին արձանագրել էր, որ Սամվել Կարապետյանին դեռևս հուլիս ամսին մեղսագրված տնտեսական բնույթի արարքներում բացակայում է հիմնավոր կասկածը: Քննչական խումբը ոչ թե կարճել էր այդ վարույթը, այլ իբր նոր տվյալներով ներառել միջնորդության մեջ:

Ավելին, դատարանը գտավ նաև, որ բացակայում է 2025 թվականի հոկտեմբերի 7-ին ներկայացված տնտեսական բնույթի նոր մեղադրանքում նույնիսկ հիմնավոր կասկածը: Դատարանը, չնայած դրա անհնարինությանը, հաստատված էր համարել միջնորդության այն մասը, որը վերաբերում է հայտնի հարցազրույցը որպես՝ իշխանությունը բռնությամբ զավթելու կոչի որակելուն:

Դատարանը փաստացի արձանագրել էր, որ քրեական վարույթն այս մեկ ամսվա ընթացքում կամ պետք է ուղարկվի դատարան, կամ պետք է կարճվի: Դատարանի նշված որոշման դեմ փաստաբանական խմբի կողմից ներկայացվել էր վերաքննիչ բողոք դեռևս 2025 թվականի հոկտեմբերի 24-ին: Անհրաժեշտ ենք համարում նաև հանրության համար բացահայտել, որ Վճռաբեկ դատարանը հանդես է եկել «իրավական» նորարական մեխանիզմով, ըստ որի, նախորդիվ կայացված կալանքի երկարաձգման դատարանների որոշումներում առկա իրավական դիրքորոշումների դեմ Գլխավոր դատախազի տեղակալի բողոքը ընդունել է վարույթ, իսկ մեր կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը, որը վերաբերում էր երկու ամսով կալանքի երկարաձգման ապօրինությանը ու որոշմանը՝ մի շարք իրավական հիմնավորումներով, չի ընդունել վարույթ:

Վճռաբեկ դատարանում արդարադատության իրականացումից հրաժարվելու և քաղաքական հետապնդման պայմաններում այդ գործողություններին առանձին անդրադարձ կկատարվի: Անհրաժեշտ է նշել նաև, որ 53 քննիչներից բաղկացած քննչական խումբը հոկտեմբերի 16-ից վերստին ապահովում է հստակ և վճռական անգործություն՝ չկատարելով որևէ վարույթային գործողություն:

Սամվել Կարապետյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը, կատարվող իբր գործողություններն ընդհանրապես դուրս են իրավական տրամաբանությունից, քանի որ քաղաքական հետապնդման պատնեշը դեռևս չի հաղթահարվել»: