Արշակ Սրբազանին վերագրվող տեսանյութերի տարածման առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել


Արշակ Սրբազանին վերագրվող տեսանյութերի տարածման առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
Հոկտեմբեր 30 13:23 2025

Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող տեսագրությունների վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ։

 

«Տարածված տեսագրությունների վերաբերյալ ներկայացված հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 204-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելը` տեղեկության գաղտնի հավաքման համար նախատեսված տեխնիկական հատուկ միջոց օգտագործելով)»,- Armday.am-ին հայտնեցին քննչական կոմիտեից։

 

Հիշեցնենք՝ ավելի վաղ գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ ստացել են «Իրազեկ քաղաքացիների միավորման» հաղորդումը ենթադրաբար Արշակ սրբազանի անձնական կյանքի գաղտնիությունը կոպիտ կերպով խախտելու դեպքի առթիվ և  ընթացք տվել  ներկայացված հանցագործության մասին հաղորդմանը։ Հաղորդումը գլխավոր դատախազությունն ուղարկել էր քննչական կոմիտե։

 

Հիշեցնենք, որ շաբաթ օրը Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող տեսանյութեր էին տարածվել։ Բազմաթիվ իրավաբաններ, իրավապաշտպաններ հայտարարել էին, եթե կեղծ չեն տեսանյութերը, ապա խախտվել է մարդու կյանքի գաղտնիության իրավունքը։

 

Ի պատասխան այդ տեսանյութերի տարածման, Արշակ Սրբազանը մասնավորապես ասել էր.

 

«Խելամիտ եմ համարում արհամարհել: Հետևաբար՝ շահագրգիռ անձանց հրապարակավ «հղում եմ» իմ արհամարանքն ու քմծիծաղը:  Առաջարկում եմ այդ տեսագրությունները տեղադրել նաև «Հայկական Ժամանակ» օրաթերթում, ինչպես և քպ-ի սեռաբորբոք ներկայացուցիչների էջերի պատերին, որպես իրենց նախասիրությունների ցայտուն վկայություն»։