Փաստաբան Արա Զոհրաբյանը ներկայացրել է՝ ինչ իրավիճակ է Հովհաննավանքում․ կարգալույծ քահանան՝ աշխարհականների շարքին դասված Ստեփան Ասատրյանը, չի լքում վանքը, ոստիկանները հրաժարվում են ներխուժման կանխման գործողություն իրականացնել, իսկ Տեր Սարգսին, ով պետք է կիրակի օրը պատարագ մատուցեր, նույն այդ օրը կանչել են Երևան՝ հարցաքննության։
«Ոստիկանությունը այսօր ժամը 16:00-ին պարտավոր էր ներկայանալ Հովհաննավանք և կանխել ներխուժումը: Տարածքում ներկա ոստիկանները հրաժարվեցին ներխուժման կանխման գործողությունը կատարելուց՝ պատճառաբանելով, որ ոստիկանությունից չեն ստացել այդ դիմումը:
Այսպիսով՝ ոստիկանությունը դրսևորում է իրավախախտ անգործություն:
Ստեփան Ասատրյանը, անտեսելով Մայր Աթոռի պահանջը, շարունակում էր քահանայական գործառույթ իրականացնել: Տարածքում ներկա էին բազմաթիվ ծպտյալ ոստիկաններ (քաղաքացիական հագուստով):
Տեր Սարգիս քահանա Սարգսյանին, ով պետք է կիրակի օրը՝ 26.10.2025թ. կատարեր պատարագը, նույն օրը ժամը 09:00-ին քննչական մարմինը հրավիրել է հարցաքննության: Դրանով պայման են ստեղծելու, որպեսզի պատարագը կատարի իրավասություն չունեցող Ստեփան Ասատրյանը: Այսպիսով՝ քննիչն էլ միացավ ծեսի կատարման խոչընդոտման հանցագործության նախապատրաստությանը»,- գրել է Զոհրաբյանը և տեսանյութ հրապարակել։










