Այսօր կարծես թե ծուռ հայելիների աշխարհում ենք ապրում, որտեղ խոսվում է ժողովրդավարությունից, բայց գրեթե ոչ մի բան ժողովրդավարությունից այլևս չի մնացել: Թե՛ փաստաբաններն են ձերբակալվում, թե՛ բարերարներն ու իրավապաշտպաններն են ձերբակալվում, իսկ դատարանների մասին այլևս խոսք չկա․ վարքաբեկված է ամբողջ դատական համակարգը, Tert.am-ի հետ զրույցում ասել է «Մեր ձևով» շարժման համակարգող խորհրդի անդամ Լևոն Սարգիզովը՝ անդրադառնալով Գյումրիում հայտնի իրադարձությունների ժամանակ փաստաբան, շարժման անդամ, իրավապաշտպան Ռուբեն Մխիթարյանի ձերբակալությանը։
Ռուբեն Մխիթարյանը Գյումրի էր մեկնել որպես փաստաբան և որպես սրտացավ գյումրեցի, թույլ չտալու համար, որ իրավապահ մարմինները բիրտ ու անհամաչափ ուժ չկիրառեն քաղաքացիների նկատմամբ, ասում է Լևոն Սարգիզովը։ Տեսանյութերում երևում է, որ Ռուբեն Մխիթարյանը ներկայանում է որպես փաստաբան, հորդորում է ոստիկանին չխոչընդոտել իր մասնագիտական գործունեությունը, իսկ արդեն ձերբակալությունների հատվածում երևում է, որ ձեռքերը վերև բարձրացրած, բաց ափերով հորդորում է մարդկանց ծեծի չենթարկել, բիրտ ուժ չկիրառել, որից հետո նա ձերբակալվում է։
«Ձերբակալությունից հետո սպասում էինք, որ նա ազատ կարձակվի, բայց մի քանի հոդվածով մեղադրանք էր առաջադրվել, արդարադատության խոչընդոտման, զանգվածային անկարգություններին մասնակցության և մեկ այլ հոդված ևս։ Այստեղ խոսում ենք բացարձակ անմեղ լինելու մասին։ Ավելին, նրա ծավալած գործունեությունը խրախուսելի էր, որովհետև որպես փաստաբան փորձում էր հանդարտեցնել իրավիճակը։ Բռնելուց հետո գոնե կարող էին բաց թողնել, կարող էին վարչական իրավախախտում համարել, ստորագրությամբ կամ գրավով բաց թողնել, տնային կալանք տալ։ Նայե՛ք, որքան մեծ սպեկտոր կար, բայց ամենածայրահեղ միջոցը կիրառվեց, ինչը ցույց է տալիս, որ սա բացարձակապես քաղաքական ուղղորդված ձերբակալում և կալանավորում է», - նշում է Սարգիզովը։
Դատարանը, ի դեմս դատավոր Վարսենիկ Մելքոնյանի, հաշվի չէր առել ներկայացված փաստերն ու բնութագիրը։ Ավելին, տեղի է ունեցել անթույլատրելի ու անընդունելի կալանավորում, քանի որ այն իրականացվել է հիմքում ունենալով միայն մեկ ոստիկանի ցուցմունք, ընդ որում, արձանագրությունը կազմել է ոչ թե այն ոստիկանը, ում նկատմամբ իբր ուժ է կիրառվել, այլ մեկ այլ ոստիկանի կողմից։
Ըստ Սարգիսովի, միակ ուժը, որ կարող է և պետք է դիմադրի իշխանությունների այս անօրինական ու անթույլատրելի գործողություններին, ժողովուրդն է, որն օրինական ճանապարհով պետք է իր անհամաձայնությունը հայտնի։ Այս իշխանությունները փորձում են ժողովրդին պառակտել, բոլոր իրենց դեմ արտահայտվողներին պիտակավորել ու հակապետական ներկայացել։ Սարգիզովը նկատում է, որ այլևս չի մնացել որևէ կառույց, որն այս իշխանությունների գործողություններին դեմ արտահայտվի ու անպատիժ մնա։
«Այն մարդիկ, ովքեր կատարում են այդ անօրինական գործողությունները, առաջինը պետք է իրենց խղճի առաջ պատասխան տան և գիտակցեն, որ իշխանությունը փոփոխական է և իրենց այդ արարքը ինչ-որ տեղ արձանագրվում է ու ի վերջո պատասխան են տալու։ Ինձ հետաքրքիր է, ինչպես են հիմնավորելու իրենց արարքը՝ հրամա՞ն եմ ստացել, կատարե՞լ եմ, ընտանի՞ք ենք պահում, թե՞ ինչ։ Սա անթույլատրելի է՝ անմեղ մարդկանց հաշվին ինքնահաստատվելը», - ընդգծում է իրավաբանը։
Իշխանությունների այս անօրինական գործողություններն առաջ են բերում ժողովրդի դժգոհությունը։ Ըստ նրա, սա կառավարության ծրագրի ձախողումն է և իշխանությունն այս կերպ փորձում է պաշտպանվել։
«Շատ կառույցներ դեմ են դուրս եկել իշխանությանը և այդ վախը իրենց ստիպում է գործել հիստերիկ կերպով, ուժ կիրառելով, ցույց տալով, որ իրենք ինչ-որ բան կարող են և սա բացարձակապես վախի դրսևորումն է», - եզրափակում է Սարգիզովը։










