Հայաստանում այլևս չեն լինի քաղաքացիներ, որոնք եկամուտների հայտարարագրեր լրացրած ու հանձնած չեն լինի. Թունյանը ներկայացրեց փոփոխությունները


Հայաստանում այլևս չեն լինի քաղաքացիներ, որոնք եկամուտների հայտարարագրեր լրացրած ու հանձնած չեն լինի. Թունյանը ներկայացրեց փոփոխությունները
Հոկտեմբեր 24 17:17 2025

ԱԺ արտահերթ նիստում քննրակվում է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում» լրացումներ և փոփոխություններ կատարելու և կից ներկայացված նախագծերի փաթեթը, որը վերաբերում է եկամուտների հայտարարագրման համակարգի հետ կապված փոփոխություններին։ Նախագիծը շրջանառության մեջ է  դրել ՔՊ  խմբակցությունը։

ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն ասաց, որ պետք է արագացված ընդունեն այս փոփոխությունները, որպեսզի մինչև նոյեմբերի 1-ն այս կարգավորումները հասցնեն մտնել ուժի մեջ։

«Մենք, ինչպես և խոստացել էինք, փորձում ենք պարզեցնել այս համակարգը՝ հաշվի առնելով արդեն փաստացի ուժի մեջ մտած ժամանակահատվածն ու այդ ընթացքում առաջ եկած խնդիրները, վիճակագրությունը։ 

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ շուրջ  140 հազար քաղաքացիները, որոնք հայտարարագիր են լրացրել, մեծ մասը հայտարարագիրը լրացրել է առանց որևէ բան փոփոխություն անելու, այսինքն ՊԵԿ-ը, երբ քաղաքացիների հայտարարագրերը ինքնաշխատ տարբերակով լրացնում է, քաղաքացիների մեծ մասը որևէ փոփոխություն չեն կատարել, հաստատել են այն տարբերակով, ինչ տարբերակով հաստատվել է։ Մոտավորապես 20 տոկոսն ավելացրել է ընդամենը 1-2 կոմպոնենտ, որոնք վերաբերել են ստացված վարկերին, փոխառություններին, ավանդներից ստացված եկամուտներին։ 

Հաշվի առնելով այս հանգամանքը, նաև այն հանգամանքը, որ մեր քաղաքացիների համար կարելի է  ավելի հեշտ ու սահուն կազմակերպել այս պրոցեսը, մենք ուզում ենք կատարել փոփոխությունները»,- ասաց նա։

Թունյանի ներկայացմամբ, ըստ փոփոխությունների, Հայաստանի այն բոլոր քաղաքացիները, որոնք հայտարարատու են ըստ օրենքի, կարող են մինչև վերջնաժամկետը չմտնել ու չլրացնել իրենց հայտարարագրերը, իրենց հայտարարագրերը կհամարվեն լրացված և հանձնված այն ինֆորմացիայի հիման վրա, որը տեսանելի է ՊԵԿ-ին. «Ստացվում է՝ Հայաստանում այլևս չեն լինի քաղաքացիներ, որոնք եկամուտների հայտարարագրեր լրացրած ու հանձնած չեն լինի, ըստ այդմ՝ վերացվում է պատասխանատվությունը հայտարարգիր չլրացնելու համար։ 

Երկրորդ կարևոր փոփոխությունն այն է, որ սոցիալական կրեդիտների համակարգը, այսինքն այն հնարավորությունը, որ մարդիկ կարող էին իրենց վճարած եկամուտների եկամտային հաշվին փոխհատուցում ստանալ կրթության և  աողջապահության գծով կատարած ծախսերի ուղղությամբ, այդ հնարավորությունը կտրվի այն մարդկանց, ովքեր գոնե մուտք կգործեն, թեկուզ առանց որևէ փոփոխության, հայտարարագիրը կհանձնեն, կհաստատեն։ Այսինքն, եթե քաղաքացին որևէ բան է  ուզում ստանալ պետությունից, իր հերթին պետք է կատարի որոշակի գործողություններ»։ 

Նա նշեց, որ ՊԵԿ-ին տարբեր տվյալների որոշակի հասանելիություն են տալիս,  բացառությամբ բանկային գաղտնիքի։ 

«Եվս մեկ կարևոր փոփոխություն, որը նախնական նախագծում չկա, բայց պայմանավորվել ենք առաջինից երկրորդ ընթերցում կատարել. արձանագրվելու է՝ ընտանիքի անդամների միջև՝ ծնողի և երեխայի, քույրերի և եղբայրների, ամուսինների, դրամական փոխանցումները հայտարարագրելու կարիք չի լինելու։ Խոսքը վերաբերում է չհարկվող եկամուտներին։ 

Պայմանավորվածություն ունենք, որպեսզի հայտարարագրման առարկա չլինեն նաև ֆիզիկական անձանց կողմից ստացվող վարկերը, փոխառությունները։ Դա կանեն ոչ թե օրենքով, այլ կառավարության որոշմամբ»,- ասաց Թունյանը։ 

Նա ընդգծեց, որ քաղաքացիներին ազատում են պարտադիր կերպով եկամուտների հայտարարագրման համակարգը լրացնելու պարտականությունից, բայց քաղաքացիները չեն ազատվում եկամտային հաշվարկ ներկայացնելու պարտականությունից, եթե իրենք ունեն եկամուտներ, որոնք հարկման ենթակա են, որոնք հարկային մարմնի համար տեսանելի չեն եղել։ 

«Եթե քաղաքացին չի լրացնում հայտարարագիրը, բայց վերջում պարզվում է, որ ունեցել է  որոշակի եկամուտներ ու չի լրացնել, դրա համար համապատասխան պատասխանտվությունը շարունակում է  մնալ»,- ասաց Թունյանը։ 

Բացի աշխատավարձից՝  էլ ի՞նչն է համարվում եկամուտ և այս կարգավորման շրջանակում ո՞վ է համարվում բարեկամ

Թունյանը մանրամասնեց, որ քաղաքացին երբ մտնի եկամուտների հայտարարագրման համակարգ, ինքնաշխատ լրացվելու է աշխատավարձը, թոշակը կամ կենսաթոշակը, և քաղաքացու համաձայնության դեպքում ինքնաշխատ լրացվելու է նաև ավանդներից ստացած եկամուտները։ Նա նշեց, որ ՊԵԿ-ի ու ֆինանսների նախարարության հետ համատեղ հասկանալի ցանկով տեղեկանք կհրապարեն, որ մարդկանց համար հասկանալի լինի. «Միգուցե մարդ կա ու չգիտի, եթե մեքենաների կամ տան վերանորոգմամբ է զբաղվում, եկամուտ է ստանում, պետք է հայտարարագրի ու դրա համար եկամատահարկ վճարի»։

Ինչ վերաբերում է  բարեկամների շրջանակին, Բ.Թունյանն ասաց. «Նկատի ունենք ընտանիքի անդամները։ 

Ընտանեկան օրենսգրքով սահմանված են առաջին կարգի հարազատները՝ ծնող, երեխա, քույր, եղբայր, այդ ցանկին ավեցանում ենք օրինական ամուսիններին, կառավարության  գործընկերն առաջարկում են ցանկին ավելացնել պապիկների, տատիկների կողմից ուղարկվող փոխանցումները»։