Մանվել Գրիգորյանի անունը մաքրելու կարիք չունի. 2018 թվականի սարքված և մոնտաժված կադրերը վաղուց կորցրել են իրենց ազդեցությունը. Նազիկ Ամիրյան


Մանվել Գրիգորյանի անունը մաքրելու կարիք չունի. 2018 թվականի սարքված և մոնտաժված կադրերը վաղուց կորցրել են իրենց ազդեցությունը. Նազիկ Ամիրյան
Հոկտեմբեր 23 13:57 2025

Վաղարշապատում մեկնարկել է ավագանու ընտրությունների քարոզարշավը։ Քարոզարշավը սկսվել է Սուրբ Էջմիածնի տարածքից՝ առանց պաստառների ու կարգախոսների, ինչը, նախաձեռնության ներկայացուցիչ Նազիկ Ամիրյանի խոսքով, եղել է գիտակցված որոշում։

 

«Եթե նկատեցիք, մեր ձեռքին ոչ պաստառ կար, ոչ էլ թռուցիկ։ Մենք որոշեցինք մեր քարոզարշավի առաջին օրը սկսել Սուրբ Էջմիածնից՝ որպես հարգանքի նշան մեր զոհված տղաների հիշատակին։ Մեզ համար սա պարզապես քաղաքական գործընթաց չէ, այլ նաև հոգևոր ճանապարհի սկիզբ է», - նշեց Տիկին Ամիրյանը։

Նրա խոսքով՝ խմբի որոշ անդամներ Արցախյան պատերազմի մասնակիցներ են, իսկ մյուսներն իրենց հարազատներին են կորցրել։ Այդ պատճառով էլ առաջին քայլը եղել է զոհվածների հուշակոթողին ծաղիկներ դնելը, այնուհետև՝ այցելությունը եզդիական տաճար՝ համայնքի եզդի անդամների հետ միասին։ Ամիրյանը նաև արձագանքեց այն քննադատություններին, թե քարոզարշավը սկսվել է եկեղեցու տարածքից՝ եկեղեցական կառույցը քաղաքական նպատակներով օգտագործելու համար։ «Մենք եկեղեցուն չենք օգտագործում։ Սա մեր սուրբ հողի սկիզբն է, այստեղից ենք ուզում սկսել մեր ճանապարհը։ Մեր ընտրությունը պայմանավորված էր հոգևոր և բարոյական արժեքներով, ոչ թե քաղաքական հաշվարկներով», - ընդգծեց նա։

 

Անդրադառնալով մամուլի այն դիտարկմանը, թե այս քայլը նպատակ ունի նաև վերականգնելու գեներալ Մանվել Գրիգորյանի անունը, Տիկին Ամիրյանը նշեց․ «Մանվել Գրիգորյանի անունը մաքրելու կարիք չունի։ Ժամանակն արդեն ինքն իր տեղը դրեց ամեն ինչ։ Նա եղել է և մնացել է հայրենասեր զինվոր՝ իր ամբողջ կյանքը նվիրելով Հայաստանին։ 2018 թվականի սարքված և մոնտաժված կադրերը վաղուց կորցրել են իրենց ազդեցությունը»։

Նրա խոսքով՝ իշխանությունների նախաձեռնած քրեական գործերը իրենց նպատակը չեն արդարացրել․ «Այդ գործերը ստեղծվել են միայն մեզ կաշկանդելու համար։ Իրավապահ համակարգում էլ մարդիկ արդեն ծիծաղով են խոսում դրանց մասին։ Դրանք փուչիկի պես դատարկ գործեր են», - ասաց Ամիրյանը։

Քաղաքական հարցերին անդրադառնալով՝ նա համոզմունք հայտնեց, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Վաղարշապատում հաղթանակ չի ունենա։ «Այս սուրբ քաղաքում մարդիկ չեն քվեարկի ազգակործան ուժի օգտին։ Մեր պայքարը ոչ թե անձերի, այլ գաղափարի դեմ է՝ որպեսզի չշարունակվի ավանդույթների և մեր հոգևոր արժեքների խաթարումը», - ասաց նա։

Ամիրյանը նաև ընդգծեց, որ ընդդիմադիր ուժերը պետք է կարողանան միավորվել՝ հակակշիռ ստեղծելու համար։ «Երբ խոսքը վերաբերում է երկրի լինել-չլինելուն, պետք է որոշում կայացնես հանուն երկրի։ Այդ պատճառով պատրաստ ենք համագործակցել ընդդիմադիր ուժերի՝ այդ թվում Արթուր Վանեցյանի թիմի հետ», -նշեց նա։

Անդրադառնալով Արգիշտի Մեխակյանի թեկնածությանը՝ Տիկին Ամիրյանը հիշեցրեց, որ Մեխակ Մեխակյանը եղել է իր զինակից ընկերն ու հերոս հրամանատար։ «Եթե նրա որդին այսօր մերժում է հոր՝ Արցախում կռվելու և զոհվելու փաստը, դա ցավալի է։ Եթե իշխանության ղեկավարը համարում է, որ մեր ազատամարտիկները չեն ունեցել Արցախի համար կռվելու իրավունք, ապա ստացվում է, որ մենք կռվել ենք Ադրբեջանի տարածքում։ Բայց ոչ, դա մեր պատմական հայրենիքն է, մեր հին հայկական հողը», - նշեց նա։

Ամփոփելով՝ Ամիրյանը շեշտեց, որ պայքարը շարունակելու են առանց վախի։ «Ես այս իշխանություններից վախենալու ոչինչ չունեմ։ Իրենց սարքած գործերը դատարկ են, իսկ ժողովուրդը՝ արթնացած»,- եզրափակեց նա։