Չեմ կարող ասել, որ 2026թ․-ի ընտրությունները կլինեն առանց մուրճի, առանց «սրան-նրան շիննելու»․ Սերժ Սարգսյան


Չեմ կարող ասել, որ 2026թ․-ի ընտրությունները կլինեն առանց մուրճի, առանց «սրան-նրան շիննելու»․ Սերժ Սարգսյան
Հոկտեմբեր 22 21:17 2025

«Այսօր ես տեսնում առնվազն 4 ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքական  ուժեր, որոնք հնարավորություն ունեն լինեու Ազգային ժողովում»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով 2026թ․-ին սպասվող խորհրդարանական ընտրություններին ընդդիմության մասնակցությանը։

Նա նշեց, որ ընտրություններին մասնակցելու որոշում ՀՀԿ-ն դեռևս չի կայացրել։

 «Նախապատվությունը տալիս ենք իմպիչմենտի գործընթացին։ Բոլորդ տեսնում եք, որ խորհրդարանական ընդդիմության իրական  կոնսոլիդացիան շատ լավ հնարավորություններ է բացում իմպիչմենտի հետագա իրականացման համար։  Զարմացած եմ այն մարդկանց վրա, հատկապես՝ այն քաղաքական ուժերի, որոնք փորձում են իմպիչմենտը հակադրել ընտրությունների հետ։ Բայց ինչպե՞ս կարելի է հակադրել։ Երկուսն էլ սահմանադրական դրույթներ են։ Այսպես թե այնպես, ընտրությունները կայանալու են։ Սահմանադրությունը հստակ ընդգծում է, որ իմպիչմենտը ճգնաժամային լուծման գործիք է։ Եթե մարդիկ կարծում են, որ այսօր Հայաստանում ճգնաժամ չկա, մենք այդ կարծիքին  չենք։ Համարում ենք, որ օր առաջ սրանց իշխանություններից հեռացնելը միայն ու միայն Հայաստանին օգուտ է»,- ասաց Սարգսյանը։

ՀՀԿ նախագահը նշեց, որ կգա ժամանակն իրենց կարծիքը կհայտնեն՝ ընտրություններին մասնակցելու են, թե՝ ոչ։

  «Օր առաջ այս իշխանություններին  հեռացնելը Հայաստանի համար միայն դրական հետևանքներ կարող է ունենալ։ Ես այսօր չեմ կարող ասել, որ ընտրություններում ընդդիմությունն անհաջողության է մատնվելու, բայց չեմ կարող ասել նաև, որ այս ընդդիմությունը լինելու է առանց բռնաճնշումների, առանց քաղաքական հակառակորդների մեկուսացնելու, առանց մուրճի, կներեք բառիս համար՝առանց «սրան նրան շիննելու»։ Այնպես որ, սա է իրավիճակը»,- հավելեց ՀՀ երրորդ նախագահը։

Լրագրողները նաև հետաքրքրվեցին, թե Սերժ Սարգսյանն արդյո՞ք ճանաչել է ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանին, պատասխանը հետևյալն է․ «Ես մի քանի անգամ ասել եմ, հիմա էլ կրկնում եմ՝ ես այդ մարդուն շատ մոտիկից, երևի, տեսել եմ մաքսիմում 3 անգամ։ Մի անգամ եղել է 1993թ․-ի վերջ-94 սկիզբ, մի անգամ, եթե չեմ սխալվում, 1998թ․-ին, երբ դատարանում էինք, մեկ անգամ էլ 2018 թ․-ին Մարիոթում, ուրիշ որևէ տեղ ես այդ մարդուն չեմ տեսել, չեմ հանդիպել, ոչ էլ միջնորդավորված խոսել եմ նրա հետ, ոչ էլ հեռախոսակապ եմ ունեցել»։