«Փոփոխություններն անհրաժեշտ են, բայց մենք չենք սահմանափակվելու Վաղարշապատով»,– Վաղարշապատում մեկնարկած նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
Նրա խոսքով՝ «Հայրենիք» կուսակցությունը Վաղարշապատում լուծելու է կարևորագույն քաղաքական հարց․
«Վաղարշապատինը համապետական ընտրություններից առաջ միակ ընտրությունն է, և այստեղ մենք պետք է ցույց տանք, թե ով ենք մենք, ինչ ենք անելու և ինչ պետք է անենք, երբ ազատվենք այս դավաճանական իշխանություններից։ Սիրելի՛ վաղարշապատցիներ, գիտակցեք, որ այս ընտրությունը սովորական չէ․ այն տեղի է ունենում մի ժամանակահատվածում, երբ Հայաստանի գործող իշխանությունները թիրախավորում են հայկական պետությունը և Հայ առաքելական սուրբ եկեղեցին։ Այս ընտրություններով պետք է ապացուցենք, որ մի քաղաքական ուժ, որն արշավ է սկսել եկեղեցու դեմ, չի կարող իշխանություն ձևավորել և չի կարող նույնիսկ մեկ ձայն ստանալ ողջ հայության հոգևոր մայրաքաղաքում»։
Վանեցյանն ընդգծեց, որ Վաղարշապատի ընտրությունը որոշիչ է լինելու Հայաստանի ապագայի համար․
«Սա ընտրություն է լինելու մեր վաղվա օրվա համար։ Վաղարշապատում է վճռվելու, թե առաջիկայում ինչ է լինելու Հայաստանի Հանրապետությունում»։
Հիշեցնենք, որ Վաղարշապատում «Հայրենիք» կուսակցությունն առաջադրել է գրող, հրապարակախոս Խաչիկ Մանուկյանի թեկնածությունը։ Վաղարշապատում ավագանու ընտրությունները կկայանան նոյեմբերի 16-ին։ Ընտրություններին մասնակցում է 8 քաղաքական ուժ։ «Հայրենիք» կուսակցության համարը 8-ն է։