ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն իր ելույթում անդրադարձավ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանի ճեպազրույցին, նկատեց՝ շատ խնդրահարույց բաներ է լսել:
«Ասում եք՝ ՔՊ-ական պատգամավորները արյուն են ուզում Գյումրիում, ու, ենթադրաբար, հղում եք անում իմ խոսքերին, որոնցում ես ասում եմ՝ Վարդան Ղուկասյանը կամ նրա կլանը սպանել է ձեր ընկերներին, ու նրան քվե եք տվել: Ասում եմ, բայց դա չի նշանակում, որ ես արյուն եմ ուզում, հակառակը: Դա նշանակում է, որ ես արյուն չեմ ուզում:
Դուք ինձնից լավ գիտեք, որ Գյումրիի ամենաաղմկահարույց սպանությունները, գրեթե բոլորը, կատարվել են էն ժամանակ, երբ Վարդան Ղուկասյանը եղել է քաղաքապետ, երբ նրա կլանն այդ քաղաքում եղել է իշխանություն: Ու սա իմանալով՝ դուք գնացել ու ընտրել եք Վարդան Ղուկասյանին»,- հայտարարեց Ալեքսանյանը:
Դիմելով Մարտուն Գրիգորյանին՝ ասաց՝ արյուն ուզող մարդը այս պայմաններում իրենք չեն. «Դո՛ւք եք ընտրել Վարդան Ղուկասյանին, որին դուք ինքներդ եք մեղադրել այդ սպանությունների համար, որին ձեր ընտանիքը, ձեր ընկերներն են մեղադրել այդ սպանությունների մեջ:
Հիմա ասում եք՝ ՔՊ-ն արյուն է ուզում, ո՞նց ենք արյուն ուզում: Մեզ մեղադրում էիք, ասում էիք՝ ուզում եք Վարդանիկի միջոցով իշխանություն տանեք Գյումրիում, բայց դուք եք գնացել Վարդան Ղուկասյանին ընտրել քաղաքապետ: Դո՛ւք եք արյուն բերող քաղաքապետի ընտրել»,- նկատեց պատգամավորը: