Այժմ մենք աշխատում ենք Ադրբեջանի հետ հաստատված խաղաղությունն առավել ինստիտուցիոնալ դարձնելու, ՀՀ-ի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը, որը նախաստորագրվեց Վաշինգտոնում, ստորագրելու և վավերացնելու ուղղությամբ, «Մետաքսի ճանապարհ» համաժողովի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նաև հավելեց, որ այս ամենին զուգահեռ տրանսպորտային երթուղիները հերթով կբացվեն՝ պատմական փոփոխություններ բերելով մեր տարածաշրջանին։
«Կարդացել եմ, ծանոթ եմ որոշ մեկնաբանությունների այն մասին, թե մեր տարածաշրջանի տրանսպորտային նախագծերը մրցակցում են իրար հետ։ Թույլ տվեք ասել, որ բացարձակապես համաձայն չեմ այդ մտքի հետ, քանի որ մեր տարածաշրջանի տրանսպորտային ուղիները փոխլրացնում են մեկը մյուսին՝ մեծացնելով Հարավային Կովկասի տարանցիկ պոտենցիալը։ Հայաստան-Թուրքիա երկխոսությունը, խաղաղությունը, որը հաստատվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև, Թրամփի ուղի նախագիծը, Վրաստանի և Իրանի բարիդրացիական հարաբերությունները տարածաշրջանի երկրների հետ Հարավային Կովկասը դարձնելու են ամենագրավիչ տարանցիկ ուղին՝ Հյուսիս-Հարավ և Արևելք –Արևմուտք ուղղություններով, ինչը նշանակում է, որ մեր տարածաշրջանի բոլոր երկրների ենթակառուցվածքները ծանրաբեռնված են լինելու, եթե չասենք, որ չեն հերիքելու մեծացող այդ հոսքերը սպասարկելու համար։
Այն ահռելի միջազգային հետաքրքրվածությունը, որն այժմ կենտրոնացած է Հարավային Կովկասի վրա, կապիտալ է, որը միասին՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, համագործակցված պետք է ճիշտ օգտագործենք մեր տարածաշրջանի զարգացումն ու կայունությունը երաշխավորելու համար։
Ի վերջո, ունենք պատմական շանս ոչ միայն ապահովելու խաղաղ, այլև՝ բարեկեցիկ ու զարգացող Հարավային Կովկաս։ Ի վերջո, խաղաղությունը, բարեկեցությունը, զարգացումը կոմերցիոն բեռների, խողովակաշարերի էլեկտրահաղորդման գծերի մշտական ուղեկիցն են կամ՝ հակառակը։
Եվ ահա, խաղաղությունը եկել է մեր տարածաշրջան և մեզ մնում է ավելի շատ բեռներ, խողովակաշարեր, զարգացում ու բարեկեցություն բերել Հարավային Կովկաս, ինչը ավելի կամրապնդի խաղաղությունը, ինչն էլ իր հերթին կմեծացնի թե՛ բարեկեցությունը, թե՛ բեռների, թե՛ զարգացման ծավալն ու տեմպը՝ բոլորիս համար»,-եզրափակեց նա։