Ճշմարտության կողքին եմ լինելու, սատարելու եմ վարչապետին. կարգալույծ հռչակված Արամ քահանա


Ճշմարտության կողքին եմ լինելու, սատարելու եմ վարչապետին. կարգալույծ հռչակված Արամ քահանա
Հոկտեմբեր 21 21:44 2025

Կարգալույծ հռչակված Տեր Արամ քահանան չի պատրաստվում հեռանալ Հովհաննավանքից, և եթե Մայր Աթոռն այսօր մինչև երեկո չչեղարկի նրա կարգալուծության որոշումը, միանալու է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հակակաթողիկոսական արշավին։ Այս մասին գրում է Azatutyun.am-ը։

 

«Արդեն պարզ է դառնում, որ ՀՀ վարչապետն ինչ ասում էր, ճիշտ էր ասում, իսկ ես ճշմարտության կողքին եմ լինելու, այո, սատարելու եմ ՀՀ վարչապետին», - հայտարարեց Տեր Արամը:

Մայր Աթոռի կարգապահական հանձնախումբը քահանային կարգալույծ է արել այն հիմնավորմամբ, որ նա դրժել է հնազանդության ուխտը, «իր հայտարարություններով վարկաբեկում է եկեղեցին ու ծառայակիցներին», վերջին մեկ ամսում պատարագներ է անում՝ շրջանցելով Վեհափառի ու թեմի առաջնորդի հիշատակության հատվածները։

 

«Պատարագը չի կրճատվել, ես միայն կրճատել եմ առաջնորդի հատվածը, որովհետև ես չեմ սիրում կեղծավորություն անել», - նշեց նա:

Կարգալույծ հռչակված քահանան պնդում է, իրեն անհիմն են զրկել քահանայական կարգից, առանց իրեն լսելու։ Մայր Աթոռից նրան հրավիրել էին նիստին, սակայն նա հրաժարվել էր, թե պատճառն ասեք: Տեր Արամը երեկ համաձայնել է մասնակցել նիստին, բայց այսօր արդեն կարգալուծության որոշումն է հրապարակվել:

Դատավորներն անաչառ չեն, պնդում է նախկին քահանան և ապացույց է համարում հենց վերջին ձայնագրությունը, որ տարածեց իշխանական լրատվամիջոցներից մեկը։ Այդտեղ կարգապահական հանձնախմբի ատենապետին «նախկին հոգևորականը պատմում է, որ Ամենայն Հայոց կաթողիկոսը հարկադրում է ընդդիմության ցույցերին մասնակցել»։

Կարգալույծ արված քահանան ասում է՝ դեռ շատ բան կիմացվի Արագածոտնի թեմի առաջնորդի վերաբերյալ Քննչական կոմիտեում քննվող գործի վերաբերյալ. «Այս ամեն ինչը, ինչ կլուսաբանվի, ցնցող է լինելու մեր հասարակության համար»:

Կարգալույծ հռչակված Տեր Արամը վստահեցնում է՝ շուտով իրեն կարդարացնեն այն մարդիկ, որ Հուդա էին անվանում, պնդում է՝ ինքը Սուրբ գրքի կանոնները չի խախտում, միայն ճշմարտությունն է ասում։ Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ էր հերքում, որ Քննչական կոմիտե է հրավիրվել, ստե՞լ է, արձագանքեց. «Քննչական կոմիտեն ինձ հրահանգել էր, որ իմ գնալու մասին որևէ մեկը... այս պարագայում ես իրավունք չունեմ խախտելու օրենքը»:

Այսօր «Ազատության» նկարահանման պահին Հովհաննավանքում մկրտության արարողություն էր։ Մկրտում էր քահանայական կարգից զրկված Տեր Արամը, նույն վանքի մյուս քահանան՝ Տեր Սարգիսը, որ օրեր առաջ նույնպես բերման էր ենթարկվել, մի ծառի տակ ծանր մտքերով նստած էր։ Վանքի տարածքում շուրջ մեկ տասնյակ ոստիկաններ էին, ասացին՝ եկել են մոմ վառելու, իսկ քահանան ասաց՝ ինքը չի կանչել, բայց ճիշտ է, որ այստեղ են, գուցե բախում լինի, գուցե նոր հոգևորական ուղարկի Մայր Աթոռը։

Տեր Արամ քահանան, ըստ Մայր Աթոռի որոշման, այսօրվանից աշխարհական է։ Նա ոչ թե Տեր Արամ է, այլ՝ Ստեփան Ասատրյան։ Այս որոշումը, սակայն, ընդունելի չէ ոչ միայն Ասատրյանի, այլև Հայաստանի վարչապետի համար։ Նա հայտարարել է, որ առաջիկա կիրակի օրը Հովհաննավանքում մասնակցելու է Ասատրյանի կողմից մատուցվող պատարագին:

Ի դեպ, կարգալույծ հռչակված քահանան օհանավանցիներին դեռ մեկ շաբաթ առաջ թաղման արարողության ժամանակ էր հրավիրել վարչապետի հետ հանդիպման։ Գյուղում այսօր տեղյակ չէին Մայր Աթոռի որոշման մասին։ Տեր Արամն այսօր կնունք է արել, մի հանգուցյալի ճանապարհել, ոչ ոք չի ենթադրել, որ մի բան այն չէ։ «Ազաատությունը» մի քանի հոգու հետ է զրուցել, ասացին՝ չի հեռանա, չեն թողնի, կջարդեն չուզողներին։