Վաղարշապատի ընտրությունների պաշտոնական քարոզարշավից մեկ օր առաջ Խոյ խոշորացված համայնքում «բարեգործական» միջոցառում է կազմակերպվել, որին մասնակցում են Արմավիրի մարզի իշխանական վերնախավը, այդ թվում՝ Վաղարշապատի համայնքապետի թեկնածու, ՔՊ-ական Արգիշտի Մեխակյանը։ Հայտնում է լրագրող Լիա Սարգսյանը։
««Բարեգործությունը», որի ժամանակ գյուղի երեխաներին բաժանվեցին նվերներ, իսկ մի երեխայի տրվեց 10.000 դոլարի չափ գումար, կազմակերպել է Խոյի բնակիչ, համայնքի ՔՊ-ական ղեկավար Լյուդվիգ Յայլոյանի ընկեր Ռուբեն Մանուկյանը: Ուշագրավ է, որ երեխաներին նվերները բաժանում են «բարեգործը» և ՔՊ-ի ավագանու ցուցակի երկրորդ համար Լյուդվիգ Յայլոյանը:Գյուղում սեղաններ են փռվել, հնչում է երաժշտություն, կազմակերպվել է կերուխում։
Բեմի վրա ելույթ ունենցավ Արգիշտի Մեխակյանը, ով շնորհակալություն հայտնեց բարեգործին և հայտարարեց, որ վաղը տեղի կունենա ֆուտբոլի դաշտի բացումը»,- նշել է լրագրողը։
«Ըստ ՀՀ քրեական օրենսգրքի՝ (Հոդված 221.) ընտրությունների նշանակման որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև ընտրությունների արդյունքների ամփոփումը թեկնածուի, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) անդամի կամ լիազորված անձի, վստահված անձի, հանրաքվեի նախաձեռնող խմբի անդամի կամ լիազոր ներկայացուցչի կողմից անձամբ կամ նրանց (այդ թվում՝ կուսակցության կամ դաշինքի) անունից կամ որևէ այլ եղանակով կամ բարեգործության անվան տակ ընտրողներին, ինչպես նաև հանրաքվեի մասնակիցներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով դրամ, սննդամթերք, արժեթուղթ, ապրանք (բացի կուսակցության անվանումը կամ խորհրդանիշները կամ թեկնածուի անունը, ազգանունը կամ պատկերը բովանդակող և նվազագույն աշխատավարձի եռապատիկը չգերազանցող արժեքով քարոզչական տպագիր և այլ նյութի կամ առարկայի) տալը (խոստանալը) կամ ծառայություններ մատուցելը (խոստանալը) կամ բարեգործության հետ միաժամանակ նախընտրական կամ հանրաքվեի քարոզչություն իրականացնելը՝պատժվում է ազատազրկմամբ` երեքից վեց տարի ժամկետով:
Ըստ Հայաստանի ընտրական օրենսգրքի՝ թեկնածուների կամ կուսակցական ներկայացուցիչների կողմից ընտրությունների նախաշեմին դրամական կամ նյութական բարիքների տրամադրումը օրենքով արգելված է և դիտարկվում է որպես ընտրողների վրա ազդելու փորձ։ Այսինքն՝ տեղի ունեցածը ոչ թե բարեգործություն է, այլ ուղղակիորեն օրենքի խախտում»,- հավելել է լրագրող Լիա Սարգսյանը։
Ավելին՝ տեսանյութում։