Գյումրիի քաղաքապետարանում քննչական նոր գործողություններ են իրականացվում (Տեսանյութ)


Գյումրիի քաղաքապետարանում քննչական նոր գործողություններ են իրականացվում (Տեսանյութ)
Հոկտեմբեր 21 17:04 2025

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի առանձնասենյակում կրկին խուզարկություններ են սկսվել։ Այս մասին տեղեկացնում են քաղաքապետարանի լրատվական ծառայությունից։

Գործողություններն իրականացնում է ոստիկանությունը՝ քննչականի հետ համատեղ։

«Այսօր առավոտվանից Գյումրու քաղաքապետարանում շարունակվում են քննչական գործողությունները։ Իրավապահ մարմինները վերահսկողություն են սահմանել քաղաքապետարանում իրականացվող գործընթացների վրա։ Քաղաքապետի աշխատասենյակում քննչական գործողություններ են իրականացվում, և, ըստ քննիչի, նոր քրեական վարույթի շրջանակում, փաստացի նոր գործ են կարել քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դեմ»,-նշում են քաղաքապետարանից։

ՔԿ-ից էլ հայտնել են․

«Գյումրիում զանգվածային անկարգություններին մասնակցելու, պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու և արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակներում համայնքապետարանի շենքում կատարվում են քննչական գործողություններ»։