Ինչ հարց է քննարկելու ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը. ArmLur


Ինչ հարց է քննարկելու ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը. ArmLur
Հոկտեմբեր 20 08:21 2025

ArmLur.am-ը գրում է. «ArmLur.am-ը տեղեկացավ, որ այսօր Ազգային ժողովում՝ Անդրանիկ Քոչարյանի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում, քնարկվում է «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։

Նախագծի հիմնական զեկուցողը ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանն է, իսկ հարակից զեկուցողը ՔՊ-ական պատգամավոր Արտյոմ Մեհրաբյանն է, ով ԱԺ-ում հայտնվեց Վիլեն Գաբրիելյանի՝ մանդատը վայր դնելուց հետո։

Նախագծի հեղինակը ՀՀ Կառավարությունն է։

Համաձայն օրենքի՝ անհրաժեշտությունը հետևյալն է․

Ներկայումս «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքով (այսուհետեւ՝ Օրենք) սահմանված է «տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» հասկացությունը, որն Օրենքին համապատասխան՝ ներկայումս Ներքին գործերի նախարարության ենթակայությամբ գործող «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպությունն է (այսուհետ՝ ՊՈԱԿ): Միաժամանակ, Օրենքով սահմանված են նաեւ ՊՈԱԿ-ի լիազորությունները:

Հարկ է նշել, որ Օրենքի համաձայն՝ ՊՈԱԿ-ի հիմնական գործառույթները (մասնավորապես՝ տեխնիկական քննության, ինչպես նաեւ տեխնիկական անվտանգության փորձաքննության իրականացումը) կարող են իրականացնել նաեւ իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը (այսուհետեւ` հավատարմագրված անձ):

Օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ ոլորտի լիազոր մարմին է հանդիսանում ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը, որի իրավասությունները սահմանված են Օրենքի 17-րդ հոդվածով: Նշված հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ ներքին գործերի նախարարության իրավասությանն է վերապահված տեխնիկական անվտանգության ապահովման պետական քաղաքականության մշակումը եւ իրականացումը:

Տեխնիկական անվտանգության փորձաքննության իրականացումը ենթադրում է տեխնիկական անվտանգության բնագավառում պետության կողմից մշակված քաղաքականության եւ դրա իրագործման մեխանիզմների իրականացում՝ ուղղված տեխնածին վթարների կանխարգելմանը, դրանց հետեւանքների վերացմանը, նման վթարների հետեւանքով հասարակությանը եւ տնտեսությանը հասցվող վնասների ռիսկերի նվազեցմանը:

Ներկայումս, Օրենքի համաձայն, Հայաստանի Հանրապետությունում արտադրական վտանգավոր օբյեկտների տեխնիկական անվտանգության փորձաքննությունը հավատարմագրման ենթակա գործունեություն է, որն իրականացվում է ե՛ւ հավատարմագրված անձանց կողմից, ե՛ւ ՊՈԱԿ-ի կողմից: Մինչդեռ այդ գործունեությամբ զբաղվելու համար ՊՈԱԿ-ը չի անցնում հավատարմագրման գործընթաց: Արդյունքում, համանման գործունեությամբ զբաղվող սուբյեկտների միջեւ ստեղծվում են անհավասար պայմաններ: Բացի դրանից, հանձնված լինելով տեխնիկական անվտանգության ապահովման ոլորտում պետական քաղաքականություն մշակող եւ իրականացնող պետական կառավարման լիազոր մարմնի ենթակայությանը՝ ՊՈԱԿ-ը իրականացնում է այնպիսի գործառույթներ (տեխնիկական փորձաքննություն եւ տեխնիկական քննություն), որոնց իրականացումը վերապահված է նաեւ նշված հավատարմագրված անձանց:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ անհրաժեշտություն է առաջացել լուծարելու ՊՈԱԿ-ը՝ միաժամանակ ՊՈԱԿ-ի տեխնիկական անվտանգության փորձաքննության եւ տեխնիկական քննության իրականացման հետ չկապված գործառույթները ընդհանրապես հանելով Օրենքից՝ հաշվի առնելով, որ այդպիսիք, միեւնույնն է, ենթակա են իրականացման ոլորտի քաղաքականության պատասխանատու ներքին գործերի նախարարության կողմից, իսկ գիտահետազոտական եւ կրթական բաղադրիչի մասով՝ կարող են իրացվել ներքին գործերի նախարարության կրթահամալիրի գործունեության շրջանակներում:

Նախագծի ընդունման արդյունքում հավատարմագրված անձանց համար կապահովվի բարեխիղճ մրցակցության համար անհրաժեշտ միջավայր: Նախագծի ընդունումը կնպաստի տվյալ ոլորտում տնտեսական գործունեության ազատությանը, ձեռնարկատիրության զարգացմանը եւ սպառողների շահերի պաշտպանությանը, ինչպես նաեւ ազատ տնտեսական մրցակցության ապահովմանը: Միաժամանակ, կբարելավվի տեխնիկական անվտանգության ապահովման ոլորտում ներքին գործերի նախարարության կողմից քաղաքականության մշակման եւ իրականացման գործիքակազմը՝ նշված գործառույթի իրականացումը դարձնելով ավելի արդյունավետ»։