ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը անդրադարձել է լրատվամիջոցների հրապարակումներին, ըստ որոնց՝ Վեհափառի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել:
«Ինչպես արդեն մեկնաբանել եմ, համացանցում տարածվող ձայնագրության վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քրեական վարույթը նախաձեռնվում է դեպքի/փաստի առթիվ, ոչ թե ԱՆՁ-ի նկատմամբ: Անձի վերաբերյալ Քրեական դատավարության օրենսգրքում կա «հանրային քրեական հետապնդում» ձեւակերպումը:
Ֆեյսբուքյան հարթակում տարածվում է շատ մեղմ ասած՝ անգրագիտություն:
Խնդրում եմ, պաշտոնական մեկնաբանությունը սոցցանցերում չվերափոխել մանիպուլատիվ բնույթ կրող տեղեկատվության»,- գրել է նա:
Հիշեցնենք ՝ ավելի վաղ «Փաստինֆո»-ն հայտնել էր՝ իշխանական ԶԼՄ-ներում հրապարակված ձայնագրության հիման վրա Վեհափառի դեմ նախաձեռնվեց քրեական վարույթ։
ՔԿ-ից աղբյուրին հայտնել էին՝ հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը):
«Փաստինֆոն», իր հերթին, արձագանքել է Քննչական կոմիտեի պարզաբանմանը․
«ՔԿ-ն զբաղված է պարզունակ մանիպուլյացիայով։
Քիչ առաջ Քննչական կոմիտեն փորձել է հերքել, թե իշխանական ԶԼՄ-ներով տարածված ձայնագրության առթիվ հարուցված վարույթը վեհափառի դեմ չէ։Նկատենք՝ չեն ասում, որ վարույթ չի նախաձեռնվել։ Հենց ՔԿ-ից են «Փաստինֆո»-ին հայտնել, որ վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը):
Իսկ ձայնագրության մեջ Նաթան Սրբազանի հետ հեռախոսազրույցում կարգալույծ Աղան աբեղա Երջնկյանը բողոքում է, թե Վեհափառը պարտադրում է իրեն՝ ընտանիքի անդամների հետ մասնակցել «մեղքի խորհրդանիշ» Նիկոլ Փաշինյանի դեմ ակցիաներին»։