Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը գրել է․
«Հարգելի՛ ընկերներ,
Նախօրեին Գագիկ Ծառուկյանը 44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Էրիկ Եղյանին առաջարկել էր ստանձնել ՀԱՕԿ նախագահի օգնականի պարտականությունները։ Էրիկը մեծ ուրախությամբ ընդունել էր առաջարկը և այսօրվանից արդեն սկսում է իր աշխատանքը։
Ծառուկյան ընտանիքն ավելի վաղ հայտարարել էր, որ պատերազմում վիրավորում ստացած տղաների մարզվելու և վերականգնվելու հարցում պատրաստակամ է լիակատար աջակցություն տրամադրել, և Էրիկն այս գործընթացն է համակարգելու։
Էրիկը 18 տարեկանում ՌԴ-ից վերադարձել էր հայրենի Արցախ՝ ծառայելու: 2020թ. պատերազմի օրերին նա արդեն զորացրված էր, սակայն որպես կամավոր՝ մեկնել ու կռվել է Մարտունիում: Ռազմական գործողությունների հետևանքով նա կորցրել է ոտքը:
Էրիկը վայելում է շատերի սերն ու հարգանքը, առանձնանում բարձր կազմակերպվածությամբ և պատասխանատվությամբ, ինչպես նաև լինելով պատերազմում հաշմանդամություն ձեռք բերած մարդ՝ սեփական փորձով առավել քան լավ գիտի՝ ինչ խնդիրների են բախվում նույն կարգավիճակում գտնվող հազարավոր այլ տղաներ:
Արդեն հասցրել ենք հարյուրավոր զանգեր ստանալ պատերազմի մասնակից այլ տղաներից։ Սիրելի՛ եղբայրներ, խնդրում եմ մի քանի օր ժամանակ տալ Էրիկին՝ նոր պաշտոնում հարմարվելու, մտքերը ժողովելու և առաջիկա անելիքները հստակեցնելու համար:
Էրիկին մաղթում եմ հաջողություն, հայտնում պատրաստակամություն՝ հնարավորության առավելագույն չափով աջակցել նրան այս կարևոր աշխատանքում»: