«Կա երկու ելք»․ Վահե Դոխոյանը՝ Վանաձորի քաղաքապետի ընտրության մասին


«Կա երկու ելք»․ Վահե Դոխոյանը՝ Վանաձորի քաղաքապետի ընտրության մասին
Հոկտեմբեր 17 20:11 2025

Հոկտեմբերի 15-ին դատարանի որոշումից հետո այլևս խոչընդոտներ ու խանգարող հանգամանքներ չկան ավագանու հերթական նիստ գումարելու, որի ժամանակ օրենքի պահանջով պետք է օրակարգի առաջին հարցով ընտրել Վանաձորի քաղաքապետ։ Այս առնչությամբ Վանաձորի ավագանու «Հայրենիք» խմբակցության ղեկավար Վահե Դոխոյանը շեշտել է՝ կա 2 ելք՝ ընտրել քաղաքապետ ավագանու գործող կազմից կամ տապալել ավագանու նիստը, նախաձեռնել ավագանու լուծարում, ապա նոր ընտրությունների նշանակում։

 

«Մենք դեռևս չորս տարի առաջ ասել ենք, որ վանաձորցու քվեն պետք է հարգվի ու այսօր էլ մնում ենք նույն դիրքորոշմանը։ Եթե «Մամիկոն Ասլանյան» դաշինքը սպասվելիք նիստի ժամանակ կառաջադրվի որպես քաղաքապետի թեկնածու և դաշինքի ու «Հայրենիք» խմբակցության ձայները կբավարարեն ընտրել քաղաքապետ, այդ դեպքում մենք կգնանք Մամիկոն Ասլանայնին ընտրելու ճանապարհով, եթե ոչ, ապա չենք մասնակցի սպասվելիք նիստին` դրանով կնպաստենք ավագանու լուծարմանը և նոր ընտրությունների նշանակմանը»,- նշել է Դոխոյանը։

 

«Մեդիահաբ»-ի հետ զրույցում հարցին՝ հույս կա՞, որ արտահերթ ընտրություններ կլինեն, Դոխոյանը պատասխանել է․

 

«Կոչ եմ անում բոլոր խմբակցություններին, որ նրանք էլ հայտարարությամբ հանդես գան և իրենց տարբերակներն առաջարկեն։ Բայց ես կարծում եմ, որ խնդրի լավագույն լուծումն է՝ օգտվել օրենքի տված հնարավորություններից և գնալ արտահերթ նոր ընտրությունների, որի արդյունքում կձևավորվի ավագանու այն կազմը, այն թիմը, որը կընտրի համայնքի ղեկավար, ով առաջիկա 5 տարում կկարողանա ծառայել համայնքին»։